ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ֆրանսիան չի բացառում, որ Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կարող է չեղարկվել
17:55 16.03.2018

Ֆրանսիան չի բացառում, որ Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կարող է չեղարկվել

Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մենյեն նախազգուշացրել է Վրաստանի քաղաքացիներին, որ Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմը կդադարեցվի, եթե ապաստանի համար դիմողների աճը շարունակվի: «Sputnik Վրաստանի» փոխանցմամբ այս մասին հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

ԵՄ երկրները վերջին շրջանում ավելի հաճախ են դժգոհություն հայտնում Վրաստանից ապաստան խնդրողների թվի աճի առնչությամբ: Իրենց մտահոգությունն են արդեն հայտնել Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան և Իսլանդիան:

«Ֆրանսիայում ապաստան ստանալ ցանկացող Վրաստանի քաղաքացիների թիվն աճել է: Միևնույն ժամանակ նրանք հաճախ խախտում երկրում գտնվելու սահմանված ժամկետները: Ցանկանում եմ կոչ անել Վրաստանի քաղաքացիներին չհավատալ նրանց, ովքեր երկու տարի ժամկետով անօրինական կեցություն են ստանում Ֆրանսիայում և Գերմանիայում, իսկ դրանից հետո՝ ապաստան»,- ասել է ֆրանսիացի դեսպանը:

Ֆրանսիայի դեսպանի խոսքով նման գործողությունները կարող են վատ հետևանքներ ունենալ ամբողջ Վրաստանի համար:

«Չի բացառվում, որ նման գործողությունների պատճառով Վրաստանի նկատմամբ կիրառվեն պատժամիջոցներ և առանց վիզային ռեժիմը դադարեցվի»,- նշել է Մենյեն:

Հունվարին ԵՄ երկրներում ապաստան է տրամադրվել Վրաստանի 13 քաղաքացու, իսկ մոտ 1,300 մարդ մերժում է ստացել: Վերջին տվյալներով ուսումնասիրվում է Վրաստանի ավելի քան 5,400 քաղաքացու դիմում: Եվրամիությունը Վրաստանին առանց վիզայի ռեժիմ է տրամադրել 2017 թվականի մարտին: Այս ընթացքում 220.000 քաղաքացի է օգտվել առանց վիզա ռեժիմից:

Ավելի վաղ Վրաստանից մեկնած ապաստան փնտրողների քանակի ավելացման առնչությամբ դժգոհություն էր հայտնել նաև Գերմանիան:

Լուսանկարը՝ CBW.ge-ի

17:55 16.03.2018

Ամենաշատ ընթերցվածները