ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հրաժարվել է սեղմել ռուս դեսպանի ձեռքը
13:35 17.03.2018

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հրաժարվել է սեղմել ռուս դեսպանի ձեռքը

Մեծ Բրիտանիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Յակովենկոն հայտնել է, որ ՄԲ արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հետ հանդիպման ժամանակ վերջինս հրաժարվել է իր ձեռքը սեղմել: Դեսպանի խոսքով ինքը դրան հանգիստ է արձագանքել՝ Նախարարի հետ զրույցի յուրաքանչյուր առիթ գնահատելով որպես սեփական հարցերն ուղղելու հնարավորություն: Դեսպանի խոսքերն է փոխանցում РИА Новости-ն:

Ռուսական լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ ՌԴ-ի և Միացյալ Թագավորության փոխհարաբերությունները կտրուկ սրվել են Սոլսբերի քաղաքում տեղի ունեցած դեպքի հետևանքով: Մասնավորապես մարտի 5-ին թունավորումից անգիտակից վիճակում հայտնաբերվել էին բրիտանական հատուկ ծառայություններում աշխատած ռուսական գլխավոր շտաբի նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի մարմինները: Բրիտանական կողմը պնդում է, որ Սկրիպալների՝ նյարդա-պարալիզացնող նյութով թունավորման հետ կապ ունի Ռուսաստանը: ՄԲ-ի վարչապետ Թերեզա Մեյն այդ կապակցությամբ հայտարարել է ՌԴ-ի դեմ որոշակի միջոցառումներ կիրառելու մասին, այդ թվում՝ ռուս 23 դիվանագետի երկրից վտարելը և երկկողմ դիվանագիտական հարաբերությունների սառեցումն ամենաբարձր պաշտոնական մակարդակով: ՌԴ-ն իր հերթին կտրականապես հերքում է Սկրիպալների թունավորման հետ որևէ առնչություն ունենալը: Մարտի 15-ին ՌԴ ԱԳՆ-ն հաղորդեց, որ պատրաստվում է ձեռնարկել պատասխան միջոցառումներ բրիտանացի դիվանագետներին երկրի տարածքից հեռացնելու ժամանակ տալու տեսքով:

«Գոյություն ունի բրիտանական որոշակի արարողակարգ այն դեպքերում, երբ այլ երկրի դեսպանը կանչվում է Թագավորության արտգործնախարարություն: Բնականաբար իր նման կեցվածքով Բորիս Ջոնսոնն արտահայտել է Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ սեփական վրդովմունքը: Նա ստիպված էր ինձ ասել ոչ այնքան հաճելի խոսքեր, այդ իսկ պատճառով նրա պատկերացմամբ դեսպանն արժանի չէ ձեռքսեղմման»,- մեկնաբանել է Յակովենկոն ռուս լրագրողներին:

«Մենք այսպիսի քայլերն ընդունում ենք խաղաղությամբ: Անձամբ ինձ համար Նախարարի հետ նույնիսկ այսպիսի անհարմար առիթով զրուցելը մշտապես լավ հնարավորություն է նրա հետ խոսելու և հղելու այն բոլոր հարցերը, որոնց պատասխաններն ինձ հետաքրքրում են»,- ընդգծել է դեսպանը:

Յակովենկոն ավելացրել է, որ նախարար Ջոնսոնին հարցրել է այն մասին, թե ինչպես պետք է ընկալել բրիտանական խորհրդարանում հնչած այն հայտարարություններն ու սպառնալիքները, ըստ որոնց՝ հարկավոր է կիբեր-հարված հասցնել Ռուսաստանին: 

«Ինձ այդ մասին ոչինչ չպատասխանեցին: Ընդամենն ասացին.«Պարոն դեսպան, դուք, ըստ երևույթին, ճիշտ չեք հասկացել»»,- հավելել է Յակովենկոն:

Լուսանկարը՝ AFP-ի

13:35 17.03.2018

Ամենաշատ ընթերցվածները