ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Դատարանը կալանքի տակ է դրել Ջիգարխանյանի նախկին կնոջ բնակարանն ու ֆինանսական միջոցները
17:55 19.03.2018

Դատարանը կալանքի տակ է դրել Ջիգարխանյանի նախկին կնոջ բնակարանն ու ֆինանսական միջոցները

Մոսկվայի դատարանը մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասին քրեական գործի շրջանակում կալանք է դրել ԽՍՀՄ ժողովրդական դերասան և հայտնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանի և 1 մլն ռուբլի ֆինանսական միջոցների վրա: Այդ մասին հայտնել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբան Լարիսա Շիրոկովան:

«Դատարանը կալանքի տակ է դրել իմ պաշտպանյալի մոսկովյան բնակարանը Մոլոդոգվարդեյսկայա փողոցում, ինչպես նաև բանկում պահվող 1 մլն ռուբլի ֆինանսական միջոցները, որոնք նույնպես պատկանում են Վիտալինային»,- ասել է փաստաբանը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը ՏԱՍՍ-ին հղումով:

ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային ՌԴ ՔՕ 137 հոդվածով և քաղաքից չհեռանալու ստորագրություն է վերցրել նրանից: Ըստ քննության վարկածի` դերասանի նախկին կինն առանց Ջիգարխանյանի համաձայնության նրա անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ է հավաքել և տարածել մամուլում:

Ինքը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հերքում է ներկայացված մեղադրանքները: Ավելի ուշ նրա փաստաբանը պատմել է գործակալությանը, որ գործի նյութերից պարզ չէ, թե ով է դիմել իրավապահ մարմիններին, քանի որ բացակայում է դերասանի հարցաքննության մասին տեղեկությունը՝ որպես հանցագործության մասին հայտնողի:

Հունվարի 31-ին Մոսկվայի Կունցևոյի շրջանի դատարանը հաստատել է հայտնի դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ապահարզանի մասին որոշումը: Նախորդ որոշումը բողոքարկել էին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի իրավաբանները:

Ավելի վաղ մեծ սկանդալ բռնկվեց 82-ամյա դերասանի և նրա 38-ամյա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շուրջ, որը սկսվեց նրանից, որ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հայտնվեց հիվանդանոցում: Հոսպիտալացումից հետո նա հայտարարեց, որ մտադիր չէ այլևս ապրել կնոջ հետ, իսկ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը զբաղեցնում էր Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը, հրաժարական տվեց և հայտարարեց, որ բաժանվում է ամուսնուց: Ավելի ուշ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրանք ներկայացվեց անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով:

Լուսանկարը՝ Kp.ru-ի

17:55 19.03.2018

Ամենաշատ ընթերցվածները