ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«ԱԺ-ն ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կվավերացնի ապրիլի 10-ին». Արմեն Աշոտյան
20:15 19.03.2018

«ԱԺ-ն ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կվավերացնի ապրիլի 10-ին». Արմեն Աշոտյան

Անցյալ տարվա նոյեմբերին Բրյուսելում ստորագրված Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագիրը Ազգային Ժողովում կվավերացվի ապրիլի 10-ի հերթական նիստում: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նման հայտարարություն նա արել է Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հատվածաբար՝ Հայաստանի կողմից այն վավերացնելու դեպքում:

«Ապրիլին Հայաստանի խորհրդարանը վավերացնելու է այն: Կոնկրետ որևէ ժամկետ ասել չեմ կարող, այն կստորագրվի ապրիլյան խորհրդարանական որեւէ նիստին: Հավանաբար ապրիլի 10-11-ին, բայց ոչ ապրիլի 1-ին: Ըստ ամենայնի՝ հենց հերթական նստաշրջանին՝ ապրիլի 10-ին»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Նա հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանը դրական որոշում է կայացրել, որ տվյալ համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը: Աշոտյանը նաեւ ընդգծել է որ հայկական կողմը չի կարող անգամ ամենակարեւոր փաստաթուղթը վավերացնել ընթացակարգերի խախտմամբ:

Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը ստորագրեց անցած տարվա նոյեմբերին՝ դառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ առաջին պետությունը, որը նաեւ Եվրոպական միության հետ խորացրեց գործակցությունը:

2017թ-ի վերջին նիստում Կառավարությունը հավանություն տվեց փաստաթղթին և առաջիկայում, երբ Սահմանադրական դատարանը ևս դրական եզրակացություն տա, այն որպես օրենքի նախագիծ կուղարկվի Ազգային ժողով՝ ըստ ամենայնի Արմեն Աշոտյանի գլխավորած արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով:

Այսօր խորհրդարանում տեղի է ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը, որի շրջանակում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերը, հայ-լեհական հարաբերությունները, Լեհաստանի հետ վիզաների ազատականացման հարցը եւ այլն։

Նիստի արդյունքում ստորագրվել է եզրափակիչ բանաձև, որտեղ ի թիվս շատ հարցերի՝ անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հակամարտությանն ու ՀՀ-Լեհաստան համագործակցությանը։

Լուսանկարը՝ Parliament.am-ի
20:15 19.03.2018

Ամենաշատ ընթերցվածները