ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Հաղթանակը հաղթանակի հետևից ավելի է պարտավորեցնում». Արամ Ավագյան
17:15 21.03.2018

«Հաղթանակը հաղթանակի հետևից ավելի է պարտավորեցնում». Արամ Ավագյան

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը հաստատուն քայլերով առաջ է գնում պրոֆեսիոնալ ռինգում: Մարտի 17-ին հերթական հաղթանակն է տարել: Առավելության է հասել ուզբեկ Բուրգուտ Հաջիբոևի նկատմամբ: Սա նրա 7-րդ հաղթանակն էր 7-րդ մենամարտում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա խոսել է այն մասին, թե ինչպես է կարողանում կայունություն պահպանել:

«Աշխատասիրության և կարգապահության հաշվին: Ես գիտակցում եմ գործիս լրջությունը, ուստի ջանում եմ միշտ ու շատ, որպեսզի ռինգում ինձանից ուժեղ չլինի ոչ մեկ»,- ասել է նա:

Նշում է, որ հաղթանակների քանակն ավելացնում է պատասխանատվությունն ամեն հաջորդ մենամարտից առաջ, սակայն լրացուցիչ ճնշում չի առաջացնում, ոչ էլ պատճառ է դառնում, որ ինքնավստահությունն այնքան մեծանա, որ խանգարի:

«Մեմամարտը մենամարտի վրա, հաղթանակը հաղթանակի հետևից ավելի է պարտավորեցնում, որ հաջորդ մենամարտին էլ ավելի լուրջ ու ճիշտ նախապատրաստվեմ: Վստահություն իհարկե կա, բայց դա առիթ չէ, որ 1 վայրկյան անգամ թուլանամ ռինգում: Առաջին վայրկյանից մինչև գոնգի հնչելն անում եմ այն, ինչ պետք է անեմ»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է վերջին՝ ուզբեկ, մրցակցին, ապա ընդգծում է, որ նա բավական ուժեղ է եղել: Մինչև իր հետ մենամարտելը պարտություն չի ունեցել: Իրեն հաջողվել է հաղթել իր մարտավարության շնորհիվ:

«Բավականին փորձառու և համառ տղա էր: Անցկացրել էր 5 մենամարտ, 5 հաղթանակ էր տարել: Որովայնային շատ հարվածներ հասցրեցի, ինչի արդյունքում 4-րդ ռաունդում նոքդաունի ենթարկվեց և աստիճանաբար կոտրվեց»,- պատմել է նա:

Արամ Ավագյանը որոշ ժամանակ հանգստանալու է, ինչից հետո կսկսի պատրաստվել հաջորդ մենամարտերին: Ելույթներ է պլանավորում ապրիլ և մայիս ամիսներին: Դրա վերաբերյալ դեռ պետք է քննարկումներ ունենա իր փրոմոութերների՝ Արթուր Գևորգյանի և Արամ Դավթյանի հետ:

Լուսանկարը՝ CityLife.am-ի 
17:15 21.03.2018

Ամենաշատ ընթերցվածները