ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ֆինանսավորմամբ Գորիսում բնակարանամուտ է տոնել 3 ընտանիք
19:35 21.03.2018

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ֆինանսավորմամբ Գորիսում բնակարանամուտ է տոնել 3 ընտանիք

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրը միտված է հնարավորինս մեղմելու տան խնդիր ունեցող, հեռավոր մարզերում բնակվող ընտանիքների սոցիալական բեռը: Հաջողված գործընկերության 2017-ի արդյունքներն ամփոփվել են Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, որտեղ բնակարանամուտ է տոնել նախորդ տարվա ծրագրով շահառու դարձած 3 ընտանիք: Երկուսին հաջողվել է ավարտին հասցնել կիսակառույցի շինարարությունը, իսկ մեկին՝ տանիքի նորոգման և բնակարանի ներքին հարդարման աշխատանքները:

Գորիսում բնակվող Գյուրջյանների բազմանդամ ընտանիքն անցել է տարիների հոգսաշատ ճանապարհ, սակայն շարունակում է հայրենի հողում արմատներ գցել: Ակսելն ու Ռուբենը Գյուրջյանների յոթ զավակներից երկուսն են: Փոքր բնակմակերեսի պատճառով, ընտանիքներով հայրական տնից առանձնացած եղբայրները տարիներ շարունակ ապրել են վարձով: Նրանց հայրը՝ Ալբերտը, տասնամյակներ առաջ էր սկսել տան շինարարությունը որդիներին տան տեր դարձնելու մտադրությամբ, սակայն կիսակառույցի պատերն այդ տարիների ընթացքում այդպես էլ մնացել էին անավարտ:

Միջոցների արդյունավետ կառավարման շնորհիվ գործակցող կողմերին հաջողվել է ապահովել երկու բնակարանամուտ:

«2017թ.-ի բնակարանաշինության ծրագրում այս տան կառուցումը եզակի էր. մեկ ծրագրի ֆինանսական հաշվարկով հնարավոր եղավ աջակցություն ցուցաբերել երկու ընտանիքի՝ որևէ մեկին չզրկելով բարեկեցիկ ապրելու հնարավորությունից: Դեռ պարզ չէ՝ կշարունակվի ծրագիրն այս տարի, թե ոչ, սակայն, այս տարիների ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ոչ միայն ֆինանսական աջակցությունը, այլև ողջ անձնակազմի նվիրումն անգնահատելի դարձան ինչպես մեր, այնպես էլ նման ընտանքների համար»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

«Թվում է՝ վաղուց արդեն չափահաս մարդիկ ենք և հրաշքներին չէ, որ պետք է հավատանք: Սակայն մեզ համար դա կատարվեց. ամենամեծ նվերը տունն էր, և մենք այն ունեցանք: Մեր վաղեմի երազանքն իրականացավ: Երեխայի պես հուզված ու շնորհակալ եմ»,- ասել է ընտանիքի հայրը՝ Ակսելը:

Ռուբենն իր ընտանիքով վարձով ապրելու կարգավիճակին հրաժեշտ է տվել ամանորից հետո: Տան իրերի վերջնական տեղափոխումը բառացիորեն ավարտվել է այդ օրերին:

Հանրապետության տարբեր մարզերում անցած տարվա ընթացքում տուն ունենալու երջանկությունը վայելել է 13 ընտանիք: Նրանցից 6 աջակցությունն իրականացվել է Ռալֆ Յիրիկյանի անձնական միջոցներով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, փոխանցում՝ PanARMENIAN.Net-ը:

Վեց տարվա ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրն ընդգրկել է Հայաստանի 56 համայնք: Շահառու է դարձել 150 ընտանիք: Այդ ընթացքում Հայաստանի տասը մարզում միայն բնակարանաշինության համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 369 մլն ՀՀ դրամից ավելի ներդրում:

19:35 21.03.2018

Ամենաշատ ընթերցվածները