ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Արցախի խորհրդարանականները Լիբանանում և Գերմանիայում մի շարք աշխատանքային հանդիպումներ են ունեցել
14:35 06.04.2018

Արցախի խորհրդարանականները Լիբանանում և Գերմանիայում մի շարք աշխատանքային հանդիպումներ են ունեցել

Մարտի 21-23-ը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը գտնվում էր Լիբանանում։

Բեյրութում նա մասնակցել է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսին, որտեղ հանդես է եկել «Պետականության վերակերտումը Արցախում (1917թ. դեկտեմբեր-1918թ հուլիս)» թեմայով գիտական զեկույցով:

Այնուհետև մարտի 27-31-ին Արցախի խորհրդարանի փոխնախագահը ԱԺ պատգամավոր Գագիկ Պետրոսյանի հետ մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (ԳԴՀ) կազմակերպված մի շարք միջոցառումների ու հանդիպումների:

Մասնավորապես մարտի 27-ին ԱԺ փոխնախագահը Շտուտգարտում հանդիպել է Բադեն-Վյուրտենբերգ երկրամասի խորհրդարանի պատգամավորներ Լարս Պատրիկ Բերգի և Դանիել Ռոտմանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի խորհրդարանի և երկրամասի օրենսդիր մարմնի փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր, ինչպես նաև արծարծվել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ:

Հանդիպմանը մասնակցել է Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:

Մարտի 29-ին Բեռլինում՝ Բունդեսթագում (ԳԴՀ խորհրդարան), ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պատգամավոր Գագիկ Պետրոսյանը և Գերմանիայում Արցախի մշտական ներկայացուցիչը հանդիպել են Բունդեսթագի և Բրանդենբուրգ երկրամասի պատգամավորներ Շտեֆեն Կոտերին, Անդրեաս Կալբիցին և Անդրեաս Գալաուին: Կողմերը քննարկել են խորհրդարանական դիվանագիտության հնարավոր ուղիների և համատեղ փոխգործակցության մասին հարցեր:

Շարունակելով աշխատանքային հանդիպումները ԳԴՀ-ում՝ մարտի 30-ին Արցախի խորհրդարանականներն այցելել են Բեռլինում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն և հանդիպել դեսպան Աշոտ Սմբատյանին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի, տարածաշրջանային մարտահրավերների, Արցախի տնտեսության և մշակութային ծրագրերի վերաբերյալ:

Նոյենկիրխեն բնակավայրում մարտի 31-ին Վահրամ Բալայանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի պատգամավոր Վալդեմար Հերդթին: Խորհրդարանականները քննարկել են համագործակցելու հնարավոր տարբերակներն ու միջազգային կառույցներում Արցախի մասին իրազեկման միջոցառումներ կազմակերպելու հեռանկարները:

Աշխատանքային այցի վերջին օրը պատգամավորները մասնակցել են Քյոլնում հայ համայնքի կազմակերպած Արցախի ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որտեղ ԱԺ փոխնախագահը համայնքին է հանձնել Ղարաբաղյան շարժման 30-ամյակի հուշամեդալը:

14:35 06.04.2018

Ամենաշատ ընթերցվածները