ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Թուրքիայի փոխվարչապետը նշել է, թե որ դեպքում թուրքական ԶՈւ-ն դուրս կգա Սիրիայից
16:35 10.04.2018

Թուրքիայի փոխվարչապետը նշել է, թե որ դեպքում թուրքական ԶՈւ-ն դուրս կգա Սիրիայից

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն կլքի Աֆրինը, երբ սիրիական հիմնախնդիրը գտնի իր քաղաքական հանգուցալուծումը: Ըստ թուրք պաշտոնյայի՝ իրենք «ազատագրել են Աֆրինն ահաբեկիչներից» ու պատրաստվում են հանձնել դրա կառավարումը տեղի բնակչությանը: Այս մասին գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը:

«Մենք Աֆրին չենք եկել որպես օկուպանտներ, և չենք պատրաստվում մնալ այնտեղ, քանի որ հարգում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Մենք կփոխանցենք շրջանի ինքնակառավարումը տեղի բնակիչներին, որոնք իրենք կորոշեն իրենց հետագա ճակատագիրը: Ինչ վերաբերում է զորքերի դուրսբերմանը՝ դա կլինի, երբ գտնվի սիրիական ճգնաժամի քաղաքական լուծումը»,- ասել է Բոզդաղը, փոխանցում է Tert.am-ը:

Լրատվակայքը հիշեցրել է, որ նախօրեին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան պետք է Դամասկոսի ենթակայությանը հանձնի երկրի հյուսիսում գտնվող քրդաբնակ Աֆրինը:

Հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Թուրքական ԶՈւ-ն Աֆրինի կենտրոնը գրավել է մարտի 18-ին:
 
Լուսանկարը՝ HurriyetDailyNews.com-ի
16:35 10.04.2018

Ամենաշատ ընթերցվածները