ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրությունները
14:35 11.04.2018

Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանախովը հայտարարել է նախագահական ընտրությունների մեկնարկի մասին: 

Ինչպես նշում է «Թրենդ» գործակալությունը` Փանախովը մանրամասնել է, որ նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից թեկնածու, երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը, «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից Գուդրաթ Հասանգուլիևը, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Արազ Ալիզադեն, «Վերածննդի ազգային շարժում» կուսակցությունից Ֆարաջ Գուլիևը, «Ճակատայինների նախաձեռնող խմբից» Ռազի Նուրուլաևը, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունից Հաֆիզ Հաջիևը, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը, Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունից Սարդար Մամեդովը:

Հայտնի է, որ երկրի 125 ընտրական շրջանում բացվել է 5.426 մշտական ու 215 ժամանակավոր ընտրատեղամաս:

Նշվում է, որ ընտրական գործընթացին օրվա ընթացքում կարելի է հետևել ԿԸՀ-ի պաշտոնական կայքում: Օրվա ընթացքում՝ ժամը 10:00-ին, 12:00-ին, 15:00-ին, 17:00-ին և 19:00-ին, ԿԸՀ-ն տեղեկություններ կներկայացնի ընտրությունների ընթացքի վերաբերյալ: Փոխանցում է Tert.am-ը:

Աղբյուրը հավելում է, որ ընտրությունների ընթացքին հետևելու է աշխարհի 59 երկրից և 61 կազմակերպությունից  ուղարկված 894 միջազգային և 58.175 տեղական դիտորդ:

Հայտնի է, որ քվեարկությունը կավարտվի տեղի ժամանակով ժամը 19:00-ին:

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանում ընտրելու իրավունք ունի 5.309.434 մարդ:

Լրատվակայքը հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները բոյկոտած ընդդիմությունը մտադիր է ապրիլի 14-ին հանրահավաք անցկացնել Բաքվում: Այդ մասին հայտնել է ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին։ 

Լուսանկարը՝ GettyImages.com-ի

14:35 11.04.2018

Ամենաշատ ընթերցվածները