ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Անկարան Աֆրինը չի հանձնի Ասադին». Չավուշօղլու
18:35 11.04.2018

«Անկարան Աֆրինը չի հանձնի Ասադին». Չավուշօղլու

Անկարան չի փոխանցի Աֆրինը Սիրիայի կառավարության հսկողությանը, քանի դեռ երկիրը գլխավորում է Բաշար Ասադը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան հուսով է, որ Թուրքիան Սիրիայի կառավարությանը կփոխանցի հսկողությունն Աֆրինում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ի պատասխան հայտարարեց, որ Լավորվի մոտեցումը սխալ է: Ըստ նրա՝ Թուրքիան ավելի լավ գիտի, թե ում է պետք հանձնել Աֆրինը, և երբ ժամանակը գա, Աֆրինը կհանձնվի իր բնակիչներին: Այս մասին փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

«Ասադը պետք է հեռանա: Պետք է անցնել քաղաքական կարգավորման գործընթացին: Մենք չենք հավակնում սիրիական հողերին, սակայն բացառում ենք այդ հողերի փոխանցումը ռեժիմին: Նման իրավիճակում չի կարելի հողեր փոխանցել: Դա սիրիական տարածք է, սակայն մենք մտավախություն ունենք անվտանգության վերաբերյալ»,- ասել է Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սիրիայի ազատ բանակի խմբավորումներն ու Թուրքիայի զինվորականները մտել են Աֆրին և լիակատար հսկողություն սահմանել քաղաքում: Մարտի 13-ից Աֆրինը շրջափակված էր թուրքական զորքերի կողմից:

Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա՝ հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է:

Լուսանկարը՝ Haber3.com-ի

18:35 11.04.2018

Ամենաշատ ընթերցվածները