ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Դպրոցականները ֆինանսական գիտելիքներ կստանան վարկերի, ավանդների, հարկերի մասին
19:35 11.04.2018

Դպրոցականները ֆինանսական գիտելիքներ կստանան վարկերի, ավանդների, հարկերի մասին

ՀՀ հիմնական և ավագ 13 դպրոցում ընթացիկ ուսումնական տարվա սկզբից ներդրվել է ֆինանսական կրթության փորձնական ծրագիրը: Ֆինանսական կրթության բաղադրիչն ինտեգրված է 2-10-րդ դասարանների «Ես և շրջակա միջավայրը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների ծրագրերում: Այդ նպատակով նշված առարկաների ծրագրերում կատարվել է փոփոխություն, որը հաստատվել է ՀՀ ԿԳ նախարարի հրամանով, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Նշված առարկաների ծրագրերում ընդգրկվել են ֆինանսական կրթության թեմաներ, օրինակ` ինչպես վարկերի և ավանդների տեսակների, տոկոսագումարների, աշխատավարձերից կատարվող հարկային պահումների, եկամուտների և ծախսերի հաշվարկի, բյուջեի տնօրինման և ֆինանսական կրթությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

Ծրագրի ընթացքը և արդյունավետությունը քննարկելու նպատակով ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել քննարկում դպրոցների ուսուցիչների, Կենտրոնական բանկի և Նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկմանը մասնակցող ուսուցիչները համոզմունք են հայտնել, որ ծրագրի ներդրումն արդյունավետ է: Նշվել է, որ հատկապես բարձր դասարանների աշակերտների մոտ հետաքրքությունն առարկայի նկատմամբ մեծ է, մասնավորապես հետաքրքրվում են վարկերով և ավտովարկերով, բիզնեսի համար նախատեսված հարկերով, աշխատավարձի հաշվարկով և այլ հարցերով, հայտնում է ԿԳ նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարարությունը մտադիր է գալիք ուսումնական տարվա սկզբին ֆինանսական կրթությունը ներդնել Հանրապետության մոտ 350 դպրոցում:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել ներկայացված դիտարկումների և կարծիքների հիման վրա կատարել լրամշակում:

Լուսանկարը՝ Interest.am-ի

19:35 11.04.2018

Ամենաշատ ընթերցվածները