ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Տեղի ունեցավ «Հայաստանն ընդդեմ ականների» սեմինար-հանդիպում
14:15 12.04.2018

Տեղի ունեցավ «Հայաստանն ընդդեմ ականների» սեմինար-հանդիպում

Ապրիլի 11-ին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը Երևանի պետական համալսարանի ուսանողների համար անցկացրեց «Հայաստանն ընդդեմ ականների» խորագրով սեմինար-հանդիպում՝ նվիրված ականների վտանգի իրազեկման և ականազերծման գործունեությանն աջակցելու միջազգային օրվան: 

ՀՀ ԱԻ Նախարարության և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր հակաականային գործունեության ու աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության մասին:

Ականների հետ կապված խնդիրներն աղետների ռիսկի առաջացման աղբյուր են, իսկ աղետի դեպքում լուրջ խոչընդոտ կարող են հանդիսանալ փրկարարական աշխատանքների իրականացման համար: Համագործակցության շրջանակում նախատեսված է նաև հակաականային գործողությունների և աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ դասընթացների կազմակերպում:

Սեմինարի սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 29-ին Արցախի Հանրապետությունում ականազերծման աշխատանքների ժամանակ զոհված սակրավորների հիշատակը:

ԵՊՀ-ում կազմակերպված սեմինար-հանդիպման մեկնարկը տրվեց նախասրահում կազմակերպված ցուցադրությամբ, որտեղ ներկայացվեցին ուսումնական ականների տեսակները, ականազերծողի հանդերձանքը, ականաորսիչներ, ականային վտանգի մասին զգուշացնող ցուցանակներ, պաստառներ և լուսանկարներ: 

Սեմինարի ընթացքում ելույթ ունեցան «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը, կենտրոնի ականային վտանգի իրազեկման բաժնի ղեկավար Աննա Ասլանյանը, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ժողովրդավարական կառավարման ծրագրի ղեկավար Ալլա Բակունցը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Զինամթերքի աղտոտվածության գծով համակարգող Պարամդիփ Բոփինդեր Մթարուն, «Սատար» հաշմանդամների ՀԿ նախագահ Հունան Հունանյանը: Ելույթ ունեցավ նաև ականային պայթյուն վերապրած և դրա հետ կապված դժվարությունները հաղթահարած Ալեքսան Բայանդուրյանը՝ ներկայացնելով մեր երկրում առկա ականային վտանգը, դրա հետևանքները և դրանցից խուսափելու համար անվտանգ վարքագծի կանոնները:

Բանախոսները նշեցին, որ ամբողջ աշխարհում՝ այդ թվում նաև Հայաստանում, ականային պայթյունի հետևանքով զոհվում է տարեկան մոտ 10,000 մարդ, իսկ մոտ 20,000 մարդ ստանում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ականային պայթյունից տուժածների մոտ 30 տոկոսը երեխաներ են: 2016 թվականից դադարեցվել է ականազերծման համար Հայաստանին տրամադրվող արտաքին դոնորական աջակցությունը: 

Հայաստանի 4 մարզերում (Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք, Վայոց Ձոր) կան ականային վտանգ պարունակող տարածքներ՝ ավելի քան 17 միլիոն քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Այդ տարածքների անմիջական հարևանությամբ բնակվում է շուրջ 35,000 մարդ, ովքեր, ապրելով վտանգված տարածքներում, ամեն օր վտանգի են ենթարկում իրենց կյանքն ու առողջությունը: 

Հանդիպման շրջանակներում տեղի ունեցավ նաև տեսահոլովակի պրեմիերա, որում ներկայացված էին ականից տուժած անձանց պատմությունները և ականային վտանգ պարունակող տարածքների ականազերծման կարևորության խնդիրները: 

Սեմինարի նպատակն էր երիտասարդությանը և մասնավորապես ԵՊՀ ուսանողներին իրազեկել ՀՀ-ում առկա ականային վտանգի, դրա հետևանքների, այդ վտանգից խուսափելու համար վարքականոնների և մեր կողքին ապրող ականի պայթյունից տուժած անձանց հիմնախնդիրների մասին:

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

14:15 12.04.2018

Ամենաշատ ընթերցվածները