ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԱՄՆ ռազմական նավատորմիղը՝ 12 ռազմանավից բաղկացած խումբը, շարժվում է դեպի Սիրիա. The Daily Mail (լուսանկարներ)
18:35 13.04.2018

ԱՄՆ ռազմական նավատորմիղը՝ 12 ռազմանավից բաղկացած խումբը, շարժվում է դեպի Սիրիա. The Daily Mail (լուսանկարներ)

Ամերիկյան 12 ռազմանավից բաղկացած հարվածային խումբն ուղևորվում է Սիրիա. այն 2003 թվականին Իրաք ներխուժումից ի վեր ամերիկյան ռազմածովային ուժերի ամենախոշոր կենտրոնացումներից մեկն է, գրել է The Daily Mail-ը, փոխանցում է Tert.am-ը:

Դեպի Եվրոպա և Միջին Արևելք է ընթանում հսկա «Հարի Թրուման» ավիակիրը, որը 90 ինքնաթիռ է տեղափոխում և որին ուղեկցում է հինգ ականակիր նավ և հածանավ:

Տեղեկությունների համաձայն՝ արդեն Միջերկրական ծովում կամ դրա մոտակայքում են գտնվում ևս չորս ականակիր նավեր, այդ թվում՝ «Տոմահավկ» տեսակի 60 հրթիռներով զինված «Դոնալդ Քուք»-ը, «Պորտեր»-ը, «Քարնի»-ն և «Լաբուն»-ը՝ երկու միջուկային սուզանավերի հետ միասին:

Հարվածային խմբի հետ է նաև «Հեսսեն» գերմանական արագընթաց հածանավը։

Սիրիական ռեժիմի դաշնակից Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման հեռանկարը խիստ հավանական է դարձել այն բանից հետո, երբ ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարեց Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին:

Իր այդ հայտարարությունից հետո Թրամփը մեղմեց իր դիրքորոշումը, և Սպիտակ տունը հայտարարեց, որ հնարավոր գործողությունների վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել:

Ռուսաստանը նախազգուշացրել է Արևմուտքին հարձակում չիրականացնել իր դաշնակից Բաշար ալ Ասադի դեմ և սպառնացել է կործանել Սիրիայի ուղղությամբ արձակված հրթիռները:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։ Նրանք համաձայնել են, որ կարևոր է արձագանքել Ասադի կողմից քիմիական զենքի օգտագործմանը և որ նրանք կշարունակեն համակարգել այդ ուղղությամբ իրենց քայլերը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, իր հերթին, հայտարարել է, որ Ֆրանսիան ապացույցներ ունի, որ Սիրիայի կառավարությունը քիմիական հարձակում է իրականացրել Դամասկոսի մոտակայքում:

Լուսանկարը՝ US Naval Agency-ի

18:35 13.04.2018

Ամենաշատ ընթերցվածները