Հասարակական
Ադրբեջանը հայկական գորգերը փորձում է որպես իրենը ներկայացնել
Լոս Անջելեսում գործող Հայկական գորգարվեստի ընկերակցությունը, որը զբաղվում է հայկական գորգարվեստի քարոզչությամբ և գորգագործության ավանդույթների պահպանությամբ, հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում ընթացող քարոզարշավի վերաբերյալ, որի շրջանակում Ադրբեջանը փորձում է հին հայկական գործվածքներն ու ձեռագործ գորգերը որպես իրենը ներկայացնել:
«Պաշտոնական Ադրբեջանը, գործարքի մեջ մտնելով ադրբեջանական ռեժիմին հարող մասնավոր հատվածի անդամների հետ, քարոզարշավ է սկսել, որն ուղղված է հին հայկական գորգագործության ավանդությների յուրացմանը, դրանք որպես ադրբեջանական ներկայացնելը՝ հոդվածներ հրատարակելով տեղական և միջազգային ԶԼՄ-ներում, ցուցահանդեսներ ու գրքերի հրատարակություններ ֆինանսավորելով, որտեղ հայկական գորգագործությունը ներկայացվում է որպես ադրբեջանական»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, գրել է Asbarez-ը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:
Ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ, որոնց սատարում է Ադրբեջանի կառավարությունը, վերջերս հոդվածներ են հրատարակել, որտեղ հայտնի հայկական գորգերը պատմական Հայաստանի տարբեր շրջաններից, այդ թվում Արցախից, ներկայացվել են որպես «ադրբեջանական արվեստի նմուշներ»:
Ինչպես ասվում է հայտարարության մեջ՝ Ադրբեջանի նման կեղծարարությունը հարված է հասցնում միջազգային մշակութային ընկերակցություններին: Հայկական գորգարվեստի ընկերակցությունը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հայկական մշակութային ավանդույթների կեղծումը:
Լուսանկարը՝ AraratNews.am-ի