ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Սերժ Սարգսյանից ակնկալում ենք, որ բարեփոխումների ստանձնած գործընթացն ավարտին հասցնի». Արմեն Ռուստամյան
14:35 16.04.2018

«Սերժ Սարգսյանից ակնկալում ենք, որ բարեփոխումների ստանձնած գործընթացն ավարտին հասցնի». Արմեն Ռուստամյան

ԱԺ ճեպազրույցների ժամին «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե իրենք խոսում էին ոչ թե անձերի, այլ համակարգի փոփոխության մասին:

«Մենք 3 տարի այդ մասին ասել ենք։ Մենք ասել ենք, որ մեր գործողություններն անձերով չենք պայմանավորում, մենք չէինք էլ բացառում, որ Սերժ Սարգսյանը կարող է վաղը մի պաշտոն զբաղեցնել»,- ասել է նա, ում խոսքերը փոխանցում է Tert.am-ը: 

Ռուստամյանի խոսքով ըստ Սահմանադրության՝ ամեն կես տարին մեկ խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել վարչապետին:

«1/3-ը կարող է անվստահություն հայտնել վարչապետին, իսկ այսօր ընդդիմությունն այդքան է»,- նշել է նա: 

Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ իրենք էլ Սերժ Սարգսյանից ակնկալում են, որ բարեփոխումների գործընթացը, որ ստանձնել է, ավարտին հասցնի: 

«Սերժ Սարգսյանն էլ պիտի ապացուցի, որ այս փոփոխությունները ժողովրդի համար էին: Ամենավատ տարբերակում էլ մեր երկիրը գնալու է շատ ավելի հավասարակշռված իշխանություն ունենալու ճանապարհով: Հիմնական սպառնալիքը, որ տեսնում ենք, որ հետ չտանեն նորից նախագահական ճանապարհով»,- ասել է նա:

Ռուստամյանը նաև հավելել է, որ ԱԺ-ում են հատուկ նիստը գումարելու, որովհետև ի վերջո վարչապետը ծնվում է ԱԺ-ից, որևէ «հավանական խափանում» չի տեսնում վաղվա նիստի հետ կապված:

Ինչ վերաբերում է իրենց նախարարական պորտֆելներին, ապա ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասել է, որ երևի թե առանձնապես փոփոխություններ չեն լինի:

«Բայց հետագայում չեմ բացառում, որ կառավարության մեջ փոփոխություններ տեղի ունենան, որովհետև այսօր անհատական կառավարման խնդիրներն են նաև կարևորվում, որ կոնկրետ նախարարներ պետք է պատասխան տան իրենց ոլորտների ձեռքբերումների համար»,- նկատեց նա:

Լուսանկարը՝ YerkirMedia.am-ի

14:35 16.04.2018

Ամենաշատ ընթերցվածները