ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Սիրիայի նախագահը Ֆրանսիային է վերադարձրել Պատվո լեգեոնի իր շքանշանը
12:35 20.04.2018

Սիրիայի նախագահը Ֆրանսիային է վերադարձրել Պատվո լեգեոնի իր շքանշանը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, ում արևմտյան երկրները մեղադրում են պատերազմական հանցագործությունների մեջ, Ֆրանսիային է վերադարձրել Պատվո լեգեոնի շքանշանը, որով պարգևատրվել էր 2001 թվականին: Այս մասին փոխանցում է «Ազատություն»-ը:

Սիրիայի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ շքանշանը ապրիլի 19-ին փոխանցվել է Դամասկոսում Ռումինիայի դեսպանությանը, որն այժմ Սիրիայում ներկայացնում է նաև Ֆրանսիայի շահերը:

France-Presse-ի հետ զրույցում Ասադի մերձավոր շրջապատի ներկայացուցիչը նշել է, որ Սիրիայի նախագահը շքանշանը վերադարձրել է ի նշան բողոքի ապրիլի 14-ին իր երկրի տարածքում հրթիռային հարվածների դեմ, որոնց մասնակցել է նաև Ֆրանսիան:

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հարվածներ են հասցրել ի պատասխան սիրիական բանակի կողմից քիմիական զենքի ենթադրյալ կիրառման:

Դեռևս երկուշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտնել էր, որ Փարիզը Ասադի պարգևատրման վերանայման գործընթաց է սկսել:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ֆրանսիայի ամենաբարձր պարգևներից մեկին է արժանացել հոր մահից հետո երկրի կառավարման ղեկը ստանձնելիս:

Ֆրանսիան Պատվո լեգեոնի շքանշանով պարգևատրել է հարյուրավոր օտարերկրացիների՝ այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Լուսանկարը՝ JapanTimes.co.jp-ի

12:35 20.04.2018

Ամենաշատ ընթերցվածները