ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Արդարադատության նախարարը «չգիտի Նիկոլ Փաշինյանի տեղը»
14:15 23.04.2018

Արդարադատության նախարարը «չգիտի Նիկոլ Փաշինյանի տեղը»

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը չգիտի, թե որտեղ է պահվում երեկ Արցախի փողոցից բերման ենթարկված պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Ճիշտն ասած՝ կոնկրետ տեղը ես չգիտեմ, իրավապահ մարմիններից ես հարցրել եմ, թե արդյո՞ք տեղեկացված է ընտանիքը և ներգրավված է փաստաբան, պատասխանել են՝ այո, փաստաբանը ներգրավված է որպես պաշտպան և իրականացվում են համապատասխան գործողություներ»,- ապրիլի 23-ին ասուլիսին ասել է Հարությունյանը, ում խոսքերը փոխանցում է «Ազատություն»-ը։

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:

Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: Ժամեր անց հաղորդվեց ընդդիմադիր երեք պատգամավորների ձերբակալության մասին:

Եթե Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը տեղափոխվել են ոստիկանության Շենգավիթի բաժանմունք, ապա Նիկոլ Փաշինյանի գտնվելու մասին տեղեկություն չկար։ Ավելի ուշ Փաշինյանի կինը հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավորը գտնվում է ոստիկանության Սևանի բաժնում։

Լուսանկարը՝ Azatutyun.am-ի

14:15 23.04.2018

Ամենաշատ ընթերցվածները