ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՔԿՀ-ներում գտնվող անձանց տեսազանգի միջոցով հաղորդակցվելու հնարավորություն է ստեղծվում
14:51 10.05.2018

ՔԿՀ-ներում գտնվող անձանց տեսազանգի միջոցով հաղորդակցվելու հնարավորություն է ստեղծվում

Օտարերկրյա կալանավորված անձինք կամ դատապարտյալները, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաեւ այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատեւ տեսակցությունից, տրամադրվում է ամսվա ընթացքում երկու անգամ մինչեւ քսան րոպե տեւողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն:

Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակած եւ ՀՀ կառավարության կողմից 2017 թվականի հուլիսի 6-ին ընդունված  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության N 1599-Ն որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի նոյեմբերի 1-ից:

ՀՀ արդարադատության նախարարության եւ «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հետ համագործակցության արդյունքում փորձնական կարգով  «Վարդաշեն» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ համապատասխան տեխնիկական սարքավորումներ են տեղադրվել եւ գործարկվել է տեսազարգի համակարգը, որի միջոցով քրեկատարողական հիմնարկներում գտնվող անձինք հնարավորություն ունեն օգտվել  տեսազանգի իրավունքից: Միաժամանակ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կատարվում են համապատասխան սենյակի վերանորոգման աշխատանքներ եւ մոտ օրերս այդ հիմնարկում նույնպես կտեղադրվեն տեսազանգի համար անհրաժեշտ  տեխնիկական սարքավորումները:

Որոշման պահանջներն ապահովելու նպատակով «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ տեսազանգի կազմակերպման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության բոլոր քրեակատարողական հիմնարկները մինչեւ 2018 թվականի նոյեմբերի 1-ը կապահովվեն անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով:

 
14:51 10.05.2018

Ամենաշատ ընթերցվածները