ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ժիրայր Սեֆիլյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց
17:15 13.06.2018

Ժիրայր Սեֆիլյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց

Վերաքննիչ քրեական դատարանում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստում հրապարակվեց  նրանց պաշտպանների բողոքների վերաբերյալ որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել դատավճիռները մասնակի բեկանել:  

Վճռվեց ամբաստանյալ Հրայր Թոփչյանին, Ներսես Պողոսյանին, Սասուն Կիրակոսյանին, Գալուստ Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով: Նրանց անհապաղ ազատ արձակել կալանքից և որպես խափանման միջոց ընտրել ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը:

Գևորգ Սաֆարյանին մեղավոր ճանաչել Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով: Գևորգ Սաֆարյանին անհապաղ ազատ արձակել կալանքից  և նրան նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը:

Ժիրայր Սեֆիլյանին մեղավոր ճանաչել իրեն առաջադրված հոդվածներով և պատիժ նշանակել 5 տարի 5 ամիս ժամկետով, նաև բավարարել Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը խափանման միջոցը փոխարինելու վերաբերյալ: Սեֆիլյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից՝ ստորագրությամբ չհեռանալու մասին՝ հաշվի առնելով նաև ԱԺ պատգամավորների երաշխավորությունը:

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում էին Ժիրայր Սեֆիլյանի, ինչպես նաև Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքները: Նրանք պահանջում էին բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և արդարացնել իրենց:

Զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ գրավելու նախապատրաստության համար Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով:

Գևորգ Սաֆարյանը դատապարտվել էր 5 տարի 5 ամիս ազատազրկման, Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 5 ամիս, Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանը՝ 3-ական տարվա ազատազրկման:

17:15 13.06.2018

Ամենաշատ ընթերցվածները