ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Նոր ծրագրով զբոսաշրջիկների համար Գորիս-Կապան քայլուղի կմշակվի
19:27 13.06.2018

Նոր ծրագրով զբոսաշրջիկների համար Գորիս-Կապան քայլուղի կմշակվի

Հունիսի 11-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար։ Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շնորհանդեսը։ Ծրագիրն իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունը՝ սյունիքյան ՀԿ-ների՝ Կապանի «ԱՐԿ» բնապահապանական ՀԿ-ի եւ «Գորիսի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։ Այն մեկնարկել է 2018-ի փետրվարից եւ կտեւի 3 տարի, իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ 
Շնորհանդեսին ներկա էին ՏԻՄ-ի, ՀԿ-ների, զբոսաշրջության ոլորտին առնչվող կառույցների ներկայացուցիչներ, ծրագրում ընդգրկված գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարներ։ 
Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Ռոմիկ Սարգսյանը, ողջունելով ծրագրի մեկնարկը եւ նրանում իրականացվելիք գործողությունները, կարեւորեց այն՝ համայնքում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ կատարվող քայլերի համատեքստում։ 
Այս ծրագրով նախատեսվում է քայլարշավային ուղիով Գորիսի Խնձորեսկը կապել Կապանի Խուստուփին։ Դրա ընթացքում փորձագետները, համայնքաբնակները, կամավորները միասին կիրականացնեն նշված զբոսաշրջային քայլուղու ուսումնասիրություն, քարտեզագրում եւ նշագրում։ 
Տեղի թանգարանների հետ համագործակցությամբ եւ բնակավայրերում աշխատելով բնակիչների հետ՝ կհավաքվեն տեղի լեգենդները, ավանդությունները, որոնք եւ պետք է ներկայացվեն զբոսաշրջիկներին։ 
Ծրագրի շրջանակներում նաեւ կտրամադրվեն դրամաշնորհներ համայնքային նախաձեռնությունների եւ ընտանեկան ձեռնարկատիրության զարգացման համար։ Կկազմակերպվեն համայնքային եւ մարզային փառատոններ։ Կստեղծվի ինտերնետային հարթակ, որը կներկայացնի ստեղծված քայլուղին՝ իր ենթակառուցվածքներով եւ հնարավորություններով՝ այսպիսով ծրագրի արդյունքը հասանելի դարձնելով աշխարհին եւ դեպի այստեղ գրավելով զբոսաշրջիկներին։ 
Ծրագրի մանրամասները ներկայացրեցին դրա պատասխանատուները, գործընկեր կազմակերպությունների անդամները, որից հետո, խմբերի բաժանվելով, ներկաները աշխատանքային քննարկում ունեցան ծրագրի տարբեր բաղադրիչների ուղղությամբ։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

19:27 13.06.2018

Ամենաշատ ընթերցվածները