ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Շախմատի Հայաստանի ակումբային առաջնության չեմպիոնը կորոշվի վերջին տուրում
15:15 14.06.2018

Շախմատի Հայաստանի ակումբային առաջնության չեմպիոնը կորոշվի վերջին տուրում

Երեկ կայացել է Հայաստանի շախմատի ակումբային առաջնության 6-րդ տուրը, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Տուրի կենտրոնական մրցախաղում միմյանց դեմ մրցել են «Chessify» ակումբը և Գրոսմայստերական դպրոցի թիմը:

Առաջին խաղատախտակի վրա «Chessify»-ի կազմում հանդես եկող Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տոնել Արման Փաշիկյանի նկատմամբ:

Երկրորդում կարճատև պայքարից հետո հաշտություն են կնքել Մանուէլ Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը:

3-րդ խաղատախտակում հաջողության է հասել «Chessify»-ը.Սամվել Տեր-Սահակյանը գեղեցիկ հաղթանակ է տոնել Տիգրան Հարությունյանի նկատմամբ:

4-րդ խաղատախտակում կրկին հաղթել է «Chessify»-ը. Կարեն Գրիգորյանը երկարատև և սուր պայքարում ընթացած պարտիայում հաղթել է Շանթ Սարգսյանին:

5-րդում Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի է խաղացել Արթուր Դավթյանի հետ:

6-րդ խաղատախտակի վրա միմյանց են հանդիպել մեր երկու պատանի և խոստումնալից շախմատիստները՝ «Chessify» -ի կազմւոմ հանդես եկող Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը և Գրոսմայստերական դպրոցը ներկայացնող Մամիկոն Ղարիբյանը, ով վերջերս հաղթող էր դարձել Հայաստանի տարածաշրջանային առաջնությունում:

Պարտիայում ուժեղ է գտնվել Ղարիբյանը: Արդյունքում մրցախաղում «Chessify»-ը հաղթել է 4-2 հաշվով:

Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի առաջին թիմը 5-1 հաշվով վստահ հաղթանակ է տոնել Հայաստանի շախմատի ակադեմիայի թիմի նկատմամբ, «Էջմիածին Լոգիկոն»-ը 4.5-1.5 հաշվով հաղթել է Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի երկրորդ թիմին, իսկ Քանաոեռ-Զեյթունի թիմը 4-2 հաշվով հաղթել է «Երևան» ակումբին: Նշենք, որ «Երևան»-ի կազմում հանդես եկող Հովհաննես Հակոբյանը չէր ներկայացել պարտիային:

Վերջին տուրից առաջ «Chessify» ակումբը վաստակել է 12 միավոր և գլխավորում է աղյուսակը: Երկրորդ հորիզոնականում է ընթանում 10 միավոր վաստակած Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի առաջին թիմը:

Համաձայն վիճակահանություն՝ այս երկու ակումբները վերջին տուրում մրցելու են միմյանց դեմ: Չեմպիոն դառնալու համար Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի առաջին թիմը պետք է հաղթի առնվազն 5-1 հաշվով, ինչը շատ բարդ խնդիր է: 

Մեդալների համար պայքարի մեջ են նաև «Էջմիածին Լոգիկոն» ակումբը և Գրոսմայտերական դպրոցի թիմերը:

Վերջին տուրի պարտիաները կմեկնարկեն այսօր` Երևանի ժամանակով 14.00-ին:

Աղբյուր՝ armsport.am

15:15 14.06.2018

Ամենաշատ ընթերցվածները