ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ծանրամարտի ֆեդերացիան Ուզբեկստանում կբարձրացնի Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկման հարցը
15:58 20.06.2018

Ծանրամարտի ֆեդերացիան Ուզբեկստանում կբարձրացնի Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկման հարցը

Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը մինչև 2020 թվականը երկարաձգելու որոշման հետ չհամակերպվող հայկական կողմը այն կրկին կբողոքարկի: Այս անգամ հարցը բարձրացնելու են հուլիսի 6-ին Ուզբեկստանի մայրաքաղաքում:

«Ես Ուզբեկստանում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի նիստի ժամանակ փորձելու եմ հարցը բարձրացնել»,-Panorama.am-ին հայտնեց Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Փաշիկ Ալավերդյանը:

Մինչ այս ուղարկած նամակներին, բողոքներին արձագանք չի եղել:

«Ամեն ինչ էլ արել ենք, պատասխան չկա: Տեղում ավելի լավ կլինի հարցը բարձրացնել»,-ասաց նա:

Փաշիկ Ալավերդյանն ավելի վաղ հայտարարել էր, կարծես Հայաստանի հավաքականը ոսկոր լինի  միջազգային ֆեդերացիայի կոկորդում, խոստացել էր ապացուցել, որ հայկական ծանրամարտը լավագույնն է աշխարհում:

Մինչ այս պահը հայտնի չէ, թե որ մարզիկները կմասնակցեն նոյեմբերին Թուրքմենստանում անցկացվելիք աշխարհի առաջնությանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին հայտնի դարձավ, այս տարվա մայիսից ծանրամարտիկի որակազրկումը կասեցվում է: 

Երբ լսել էր որակազրկման կասեցման մասին, Հռիփսիմե Խուրշուդյանը հայտարարել էր, որ մեծ խանդավառությամբ է մարզվելու, որպեսզի մասնակցի աշխարհի առաջնությանը:

«Այսուհետ հանդես կգամ նոր քաշային կարգում ՝ 90 կգ: Այն կարծես ինձ համար լինի: Վերջապես նոր քաշում կմրցեմ ինձ հավասարների, ոչ թե ինձնից 30 կգ ծանր մարզիկների հետ: Սակայն, եթե 90 կգ քաշային կարգն օլիմպիական չհամարվի, ես անպայման կփոխեմ քաշս: Առաջին հերթին ցանկանում եմ վերադարձնել  մարդկանց վստահությունը: Չեմ ցանկանում, որ մարդիկ մտածեն, թե որակազրկվել եմ ու հեռացել սպորտից: Նպատակս, իհարկե, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների եւ օլիմպիական խաղերի մեդալներն են»,-ասել էր նա:

Մի քանի օր առաջ սակայն  ֆեդերացիային տեղեկացրել են՝ որակազրկման ժամկետը երկարաձգվում է մինչև 2020 թվականը: Հայաստանի ու այլ երկրների հավաքականների որակազրկման որոշումը կայացվել էր 2017-ին Բուխարեստում կայացած նիստում, որը  կապված էր  դոպինգ սկանդալի հետ: Խուրշուդյանի արյան մեջ հայտնաբերվել էին տուրինաբոլ և ստանոզոլոլ արգելված նյութերը: 

Աղբյուր՝ Panorama.am

15:58 20.06.2018

Ամենաշատ ընթերցվածները