ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում կանանց դերը տարեցտարի մեծանում է. Արա Բաբլոյան
15:50 06.07.2018

Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում կանանց դերը տարեցտարի մեծանում է. Արա Բաբլոյան

«Հայաստանը հպարտ է ֆրանկոֆոն մեծ ընտանիքին իր պատկանելությամբ, որի հետ կիսում է մարդասիրության և համերաշխության արժեքները»,- այս մասին նշել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ նախօրեին Քվեբեկում  Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովի ընթացքում։

ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ Բաբլոյանը «Ինչպես բարելավել հասարակության ներկայացվածությունը ֆրանկոֆոն խորհրդարաններում» թեմայի շրջանակում իր ելույթում մասնավորապես ասել է.

«Մենք սատարում ենք Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների այն քայլերը, որոնք միտված են մարդու իրավունքների պաշտպանությանը, կանանց ու տղամարդկանց միջև հավասարության ապահովմանը, ժողովրդավարության հիմնարար արժեքների պահպանմանը, երիտասարդության դերի բարձրացմանը»։

«Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում կանանց դերը տարեցտարի մեծանում է: 2016թ. մայիսի 25-ին ընդունված Ընտրական օրենսգրքում հստակ ամրագրված է, որ խորհրդարանական  ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցությունների կամ դաշինքների համամասնական ցուցակների յուրաքանչյուր հնգյակում պետք է առնվազն մեկ կին լինի, ինչի արդյունքում խորհրդարանում կանանց ներգրավվածությունը զգալի է: 6-րդ գումարման Ազգային ժողովի 105 պատգամավորներից 18-ը կին են, ովքեր  ակտիվ մասնակցում են խորհրդարանական բոլոր քննարկումներին:

Ազգային ժողովի երեք փոխնախագահներից մեկը կին է, ով նաև  ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարն է և  նախկինում զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը:

Ընտրական օրենսգրքով Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին հնարավորություն է ընձեռնվել ներկայացված լինել Ազգային ժողովում: 6-րդ գումարման խորհրդարանում մանդատ են ստացել ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչներ: ՀՀ ԱԺ առաջին նստաշրջանի առաջին նիստը վարել է քրդական համայնքի ներկայացուցիչը:

Ֆրանկոֆոնիան յուրահատուկ համագործակցության հարթակ է հայ երիտասարդների համար: Ֆրանկոֆոն աշխարհը, բարձր գնահատելով երիտասարդների դերը և նշանակությունը, ամեն կերպ փորձում է խրախուսել և աջակցել նրանց նախաձեռնություններին:

2016թ. Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի նախաձեռնությամբ և աջակցությամբ  հիմնադրվել է խորհրդարանին կից գործող Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանը:

Ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը նպաստելու համար մեր երկիրը մշտապես երիտասարդներին մասնակից է դարձրել օրինաստեղծ աշխատանքներին, օգնել երիտասարդ լիդերների կայացմանը, ինչի վառ ապացուցն է 2004թ-ին ձևավորված Երիտասարդական խորհրդարանը»,-ասել է ԱԺ նախագահը:

Պատվիրակությունը մասնակցել է նաև Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների և խորհրդարանների գլխավոր քարտուղարների համատեղ աշխատանքային հանդիպմանը:

Աղբյուրը՝ Panorama.am

15:50 06.07.2018

Ամենաշատ ընթերցվածները