Հասարակական
ՃՈ խախտում արած վարորդները ներվեցին. Օրենքն ընդունվեց ամբողջությամբ
Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 12-ին, 68 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում է ՃՈ տուգանքները համաներելուն:
Նշենք, որ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագծով նախատեսվում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ այս օրինագծով քաղաքացիներին զիջվող գումարի չափը մոտ 13,7 մլրդ դրամ է կազմում, իսկ տուգանքներից կազատվի շուրջ 150 հազար անձ:
Օրինագիծը նաեւ մի շարք բացառություններ է նախատեսում, որոնց դեպքում՝ համաներումը չի տարածվում տվյալ անձանց վրա:
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց նաեւ հետեւյալ օրինագծերը.
- «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,
- «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,
- ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին:
Վերջին օրինագծով առաջարկվում է առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրել տարվա ընթացքում առնվազն վեց կարճատեւ եւ երկու երկարատեւ տեսակցության իրավունք:
Նշենք, որ գործող կարգավորումներով նախատեսվում է տարվա ընթացքում տրամադրել առնվազն երեք կարճատեւ եւ մեկ երկարատեւ տեսակցություն:
Աղբյուր՝ news.am