ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Զարգացման լավ առիթ
20:09 13.07.2018

Զարգացման լավ առիթ

Հուլիսի 7-8-ին Գորիսում ազդարարվեց «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք-2018» միջոցառումների մեկնարկը, որի պաշտոնական փակումը տեղի կունենա նոյեմբերին։ «Զանգեր» հուշարձանի, սրճարան-գրադարանի, Սերո Խանզադյանի տուն-թանգարանի բացմամբ, տարբեր փառատոների, համերգային ծրագրերի, Արթ էքսպո ցուցադրություն-վաճառքի և այլ միջոցառումների շարքով սկսված տոնակատարությունը հաճելի ակնթարթներ պարգևեց ներկաներին։ Ինչպես նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, տարվա ընթացքում քաղաքում կանցկացվեն տարբեր  մշակութային միջոցառումներ՝ գրականությանը, թատրոնին առնչվող, համերգներ, հուշարձանների պուրակի բացում, ինչպես նաև ցուցահանդեսներ։ Թե թվով քանի միջոցառում է նախատեսվում այդ ժամանակահատվածի համար, դեռևս հստակեցված չէ։

Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք-2013

2012թ. դեկտեմբերի 5-ին Աշխաբադում Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք-2013 հռչակվեց։ Միջոցառումների պաշտոնական մեկնարկը տրվեց 2013թ․ հունիսի 30-ին, որին մասնակցում էր այն ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Տոկտասսին Բուզոբաևը, ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը, օտարերկրյա պատվիրակություններ և այլ հյուրեր։ 

Ավելի քան 600 մլն դրամ նախահաշիվ ունեցող «Գյումրին՝ 2013 ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի ֆինանսավորումն իրականացվել է համաֆինանսավորման սկզբունքով՝ «ԱՊՀ միջպետական հումանիտար հիմնադրամի», ՀՀ կառավարության, ՀՀ  մշակույթի նախարարության և Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական միջոցներով: ՀՀ կառավարությունը հատկացրել է 193 մլն 400 հազար դրամ գումար: Այդ գումարից շուրջ 80 մլն-ը ծախսվել է պաշտոնական բացման միջոցառման համար: Այդ օրը քաղաք այցելած հյուրերին ըստ պատշաճի դիմավորելու, օրվա միջոցառումները լավ կազմակերպելու համար եւս 17 մլն դրամ հատկացրեց Գյումրու քաղաքապետարանը:

Ծրագրի շրջանակում անց է կացվել շուրջ 50 մշակութային տարաբնույթ միջոցառում, մասնակցել են ավելի քան 56 երկրից ժամանած զբոսաշրջիկներ։ Ինչպես Գորիսում, այստեղ նույնպես համայնքային իշխանությունները, չնայած սուղ միջոցներին, քաղաքի բարեկարգման աշխատանքներ են իրականացրել՝ ներկայանալի տեսք ունենալու համար։

Գորիսը հեքիաթ է հիշեցնում

Հուլիսի 7-ին Գորիս էին ժամանել ԱՊՀ 8 երկրից ավելի քան 150 պատվիրակ, զբոսաշրջիկներ և այլք։ Ինչպես նշեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ծրագիրը նպաստում է ոչ միայն մշակութային կյանքի ակտիվացմանը, ԱՊՀ երկրների արվեստը ներկայացնելուն, այլև քաղաքաշինությանը, արտաքին և ներքին զբոսաշրջության զարգացմանը։

Պատվիրակների մեծ մասի խոստովանությամբ Գորիսը չբացահայտված քաղաք էր իրենց համար, նրանց տպավորել էին հատկապես քաղաքի ճարտարապետական տեսքը, մարդկանց հյուրընկալությունը։ «Պլանային հատակագծով կառուցված քաղաք, ինչպիսին Գորիսն է, աշխարհում այսօր քիչ է հանդիպում։ Սա կյանքի քաղաք է, որտեղ բնությունը ներդաշնակ է մարդկանց հետ», - նշեց ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության համանախագահ Միխայիլ Շվիդկոյը։ Նրա խոսքով՝ այս միջոցառումները լրատվամիջոցների, ԱՊՀ երկրների արվեստագետների, զբոսաշրջային կազմակերպությունների ուշադրությունն են հրավիրում Գորիսի հանդեպ, ինչն էլ նպաստում է զբոսաշրջության, մշակութային ենթակառուցվածքների զարգացմանը։

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը նույնպես կարևորեց գորիսյան մշակույթին ծանոթանալու առիթը, ինչպես նաև տեղեկացրեց, որ հաջորդ տարի տիտղոսը կփոխանցվի Բելառուսի Բրեստ քաղաքին։

Թուրքմենստանի մշակույթի նախարարության ներկայացուցիչ Գուլալեկ Ակմուռադովան, հիացած Գորիսի ճարտարապետական տեսքով ու բնությամբ, իրեն նմանեցրեց քարանձավում բնակվող հեքիաթային հերոսուհուն։

Ի հավելումն նշենք, որ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը տեղեկացրեց, որ քանի դեռ հստակեցված չէ միջոցառումների ցանկը, ֆինանսավորման մասով առայժմ չեն կարող կոնկրետ թիվ հրապարակել։

Արմինե Հարությունյան

20:09 13.07.2018

Ամենաշատ ընթերցվածները