ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հաշմանդամ ազատամարտիկը աշխատել է ուզում
17:00 14.07.2018

Հաշմանդամ ազատամարտիկը աշխատել է ուզում

Կենսագրական

Ռաֆայել Բարսեղյանը ծնվել է 1964թ․ ապրիլի 24-ին Կապանում, բանվորի ընտանիքում։ 1982թ. ավարտել է թիվ 27 գիշերօթիկ դպրոցը, այնուհետև մեկնել ծառայության Խորհրդային Միության զինված ուժերում։ 1984թ․ վերադառնալով՝ աշխատանքի է անցել Կապանի պղնձահանքային կոմբինատում՝ որպես էլեկտրաքարշավար։ 1989թ․ կամավորական ջոկատի անդամ է։ 1990թ․ հոկտեմբերի 30-ին կամավոր անդամագրվել է Կապանի վաշտին, ծառայել մինչև 1992թ․ դեկտեմբերի 30-ը։ Ամուսնացած է, ունի 2 դուստր։

Մարտական ուղի

Պահեստազորի ավագ լեյտենանտ Ռաֆայել Բարսեղյանը եղել է գնդացրորդ, ապա ծառայել որպես զրահամեքենայի դասակի հրամանատար։

1991թ., երբ ազերիները հարձակվեցին Կապան-Գորիս ավտոշարասյան վրա, Ռաֆայել Բարսեղյանը կարողացավ իր գնդացրով  կանխել թշնամու առաջխաղացումը։

Մասնակցել է հայրենի երկրամասի գյուղերի՝ Շիկահողի, Սրաշենի, Ներքին Հանդի ինքնապաշտպանական մարտերին, ապա Զանգելանի շրջանի Ղազանչի, Աղքանդ, Շարափլու, Տրիցատկա գյուղերի մարտական գործողություններին։ 

1993թ. հունվարի 1-ից ծառայության է անցել Կապանի N զորամասում՝ որպես գումարտակի զրահատանկային ծառայության պետ, ապա՝ գումարտակի հրամանատարի տեղակալ սպառազինության գծով-տեխնիկական մասի պետ։ Զորացրվել է 1995թ. հուլիսի 25-ին։ Պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Վազգեն Սարգսյան» և այլ մեդալներով։

Վիրավորվել է 1994թ․ Հորադիզում՝ ստանալով բեկորային գանգուղեղային վնասվածքներ։

Քչախոս մարտիկը

Մեր կողքին ապրող հերոսին՝ Ռաֆայել Բարսեղյանին, իսկական անուն-ազգանունով շատերը չգիտեն։ Մարտական ընկերների տված մականունն է նրան հոգեհարազատ դարձել։  Արցախյան պատերազմի  ակտիվ մասնակից կապանցի ազատամարտիկ Ուզբեկի մասին է խոսքը։

Նրան հաճախ կարելի է տեսնել հարազատ թաղամասի՝ Արամ Մանուկյան փողոցի գետափնյա հատվածով զբոսնելիս։ Քայլում է մենակ, ինքն իր մտքերի հետ կռիվ տալիս, հաշտվում։ Համեստ անձնավորություն է Ռաֆայել Բարսեղյանը՝ հարուստ կենսագրականով։  Զրույցի հենց սկզբում՝ իրեն պարոնով դիմելու համար, նկատողություն ստացա։  1992-1994թթ. վերապրածի մասին խոսել  չի  սիրում։ «Դաժան բան է, որ սկսում ես մտածել, ուղեղդ չի աշխատում։ Կան մարդիկ, ովքեր  սահմանին մեկ օր անգամ չեն եղել, բայց այնպիսի պատմություններ են պատմում, կողքից լսում, ապշում ես»։ Տևական դադարից հետո միջամտում եմ ու առաջարկում, որ խոսակցությունը շարունակենք ոչ թե տխուր դեպքերն ու միջադեպերը վերհիշելով, այլ հետաքրքիր ու զավեշտալի օրերի մասին պատմությունները առանձնացնենք։ Սիրով համաձայնեց:

Մարտական ընկերների «չարաճճիությունների» շարքից

«Գալիս էինք ծառայությունից հոգնած, պառկում, քնում։ Առավոտյան զարթնում էի՝ փորձելով տեղիցս վեր կենալ, չէր հաջողվում։ Մի 200 կգ տարբեր իրեր, զրահաբաճկոններից սկսած, հայտնված էին լինում վրաս։ Նեղանալ չկար, դե տղաներ են՝ կատակ էին անում», - ասում է Ռաֆայել Բարսեղյանը՝ հետո արագ անցում հաջորդ պատմության․ «Մարտական ընկերներս շատ լավն էին, վիլիսով իմ կնոջն ենք փախցրել, բայց չենք բերել տուն, նորից հետ ենք տարել, ինքն իր կամքով պետք է գար»։

Ռազմի դաշտում տղաները միմյանց տարբեր անուններ էին տալիս։ Ազատամարտիկը բոլոր ընկերների մականունների պատմությունները մեկ առ մեկ վերհիշեց։ «Արմեն Հայրապետյանին   Միկրոբ ասացինք, որովհետև հաց ուտելիս հաճախ էր ափսեն, գդալը վերցնում, թե միկրոբներ կան, Արթուր Մարտիրոսյանը վարիանտ բառն էր շատ օգտագործում, որից  էլ Վարիանտ անունը ստացավ,    պամյատնիկ բառը Արամ Հովհաննիսյանի բառապաշարում էր հաճախ հայտնվում, նրան էլ Արձան սկսեցինք անվանել»։ Երբ հերթը հասավ իրեն, ասում է․ «Հավանաբար ձգված աչքերիս համար են Ուզբեկ անվանել»։

Արցախյան պատերազմի բովով անցած ազատամարտիկը խոստովանում է՝ երբեք չի փոշմանել ընտրած ուղու համար։ «Դժվարությունները հաղթահարելի են, եթե սիրում ես մասնագիտությունդ», - համոզված է զրուցակիցս։ Նույնն էլ դուստրերին է խորհուրդ տվել։ Ավագ աղջիկը՝ Բելլան, բուժքույր է։ Կարելի է ասել՝ շարունակում է հայրիկի ուղին, Կապանում տեղակայված N զորամասում է   ծառայության անցնել։ Մասնագիտական հմտություններով հայրենիքի պաշտպաններին է օգտակար լինում։ «Շատ անակնկալ կերպով ինձ առաջարկեցին այդ աշխատանքը, առանց հայրիկի հետ խորհրդակցելու գնացի հրամանատարի մոտ, ինձ ընդունեց։ Երբ եկա տուն, պատմեցի, հայրիկը չփորձեց ինձ հետ պահել, միայն ասաց՝ դու ես ընտրել, զգո՛ւյշ եղիր, հարգի՛ր գործընկերներիդ,

գաղտնապահությունը այս մասնագիտության մեջ շատ կարևոր է», - վերհիշում է Բելլան։

Պահեստազորի ավագ լեյտենանտի ընտանիքը ապրում է համեստ պայմաններում։ Ընտանեկան բյուջեն գոյանում է զինվորական թոշակից, կնոջ ու դստեր աշխատավարձից։ Վիրավորում ստացած ազատամարտիկը ֆինանսական խնդիրների պատճառով մեկ տարուց ավելի է՝ չի կարողանում վերականգնողական բուժումների գնալ։ Չի դժգոհում։ Սովոր է ամեն ինչին ինքնուրույն հասնել։ Աշխատանք ունենալը օրակարգային հարց է Ռաֆայել Բարսեղյանի համար։ «Առողջականից ելնելով՝ պահակի գործ կցանկանամ կատարել, գոնե ես իմ վաստակով իմ բուժման ծախսերը հոգամ։ Ոչ մեկը պարտավոր չէ ինձ գումար տալ, հատկապես որ աշխատելու ցանկությունս երբեք չի մարել։ Արդեն որերորդ տարին է՝ չեմ կարողանում աշխատանքի տեղավորվել, միայն խոստումներ եմ ստացել, բայց դեռ շարունակում եմ տանը մնալ։ Հուսամ՝ այս տարի ցանկությունս կկատարվի», - ասում է։

4 ամսական երջանկություն

Այս տարվա մարտ ամսին կրտսեր դուստրը՝ Համեստը, Ռաֆայել Բարսեղյանին երջանկացրեց՝ թոռնիկ պարգևելով։ Փոքրիկ Տիգրանի մասին խոսելիս Ռաֆայել Բարսեղյանի ժպիտը դեմքին շողարձակում է։ Ինքը թոռանը Տիգրան Մեծ է անվանում և ասում, որ գեներալ պետք է դառնա։ «Աշխարհի ամենալավ բանն է թոռնիկը, ամեն սեղան նստելիս բաժակ եմ բարձրացնում, Տիգրան Մեծի կենացը խմում։ Ես երեխաների քաղցրությունը չեմ վայելել՝ աշխատանք, պատերազմ, հիմա փորձում եմ լրացնել այդ բացթողումը թոռնիկով»։

Դուստրը Գորիսում է բնակվում։ Հարցնում եմ՝ հաճա՞խ եք տեսակցության գնում, պատասխանում է․ «Արյունը ձգում է, բայց կինս չի թողնում, որ շուտ-շուտ գնամ։ Ինձանով լինի, հենց հիմա էլ ոտքով ճամփա կընկնեմ, բայց չգիտեմ՝ քանի օրում կհասնեմ», - ծիծաղելով ասում է զրուցակիցս։

Նելլի Միրզախանյան

17:00 14.07.2018

Ամենաշատ ընթերցվածները