ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բոլորի սիրելի Նարեկը
13:00 17.07.2018

Բոլորի սիրելի Նարեկը

2016թ ապրիլյան քառօրյան բառացիորեն ստիպեց շատերին փոխել իրենք կարծիքը 1990-ական թվականներին ծնված սերնդի հանդեպ։ Շատ խոսվեց նրանց հայրենասիրության, քաջագործության, խիզախության մասին, տարբեր գնահատականներ տրվեցին ռազմական գործողությունների ընթացքին, իսկ այսօր էլ շարունակվում են այդ օրերի հետ կապված նորանոր բացահայտումները․․․ Գորիսի տարածաշրջանի Որոտան գյուղում սիրով ու կարոտով են հիշում ապրիլյան քառօրյայում հերոսական գործողությամբ անմահացած Նարեկ Մկրտչյանին։ 1996թ․ ծնված երիտասարդի, որ զորակոչվել էր հայոց բանակ 2015թ․ հունվարի 21-ին, ծառայության ավարտին 10 ամիս էր մնում, երբ մեր ժողովուրդը նորից ապրեց պատերազմի արհավիրքը։ 2016թ․ ապրիլի 2-ին նա մրցումների պետք է գնար, բայց չգիտեր, որ մրցասպարեզը առաջնագիծն է լինելու․․․

Աշխույժ, խիզախ ու հոգատար Նարեկը

«Շատ աշխույժ, քաջ, գործունյա, ինչպես ասում են, սրտից փուշ հանող, բարեկամասեր ու ընկերասեր տղա էր Նարեկս, ում շրջապատում բոլորն էին սիրում, ով օգնում էր բոլորին։ Բազում նպատակներ ուներ, որոնք անկատար մնացին։ Սիրում էր սպորտով զբաղվել, կազմակերպում էր տարբեր միջոցառումներ, մարզական մրցումներում միշտ առաջատար դիրքերում էր», - արցունքն աչքերին որդուն է նկարագրում հերոսի մայրը՝ Անուշ Մկրտչյանը։ Իսկ հայրը՝ Վարդան Մկրտչյանը, շտապում է ասվածին ավելացնել․ «6 ամիս ծառայեց Մատաղիսում, բայց որպես ակտիվ ծառայող տարան Թալիշ։ Դիպուկահար էր, կրակային պատրաստության, բազկի ուժի հարցերում առաջատար։ Հրամանատարն ինձ շնորհակալություն էր հայտնել նման անվախ տղա մեծացնելու համար»։

Կենդանիներ շատ էր սիրում, նույնիսկ խոզին սովորեցրել էր կովից կաթ ուտել։ «Գնում էինք կովը կթելու, կաթ չկար, խոզը կերել էր», - հիշում է մայրը։ Լավ լողորդ էր, բարձր ժայռից ցատկում մտնում էր Որոտան գետ, որի երկայնքով բավական երկար լողում էր, դուրս գալիս օձը ձեռքին, որ պլաստմասե տարայի մեջ դնելով՝ բերում էր։ Այգիներից՝ միրգ, դաշտերից ծաղիկներ բերելիս բաժանում էր ճանապարհին հանդիպած մարդկանց։ «Եթե վախկոտ դաստիարակեի, պատերազմի դաշտից կփախչեր», - ասում է տիկին Անուշը։

«Ինչ աչք ենք բացել, լսել ենք 1990-ականներին հայրիկիս կատարած մարտական գործողությունների,  վիրավոր ընկերներին օգնելու և զանազան այլ պատմությունների մասին։ Այնպես որ մեծացել ենք հայրենասիրական դաստիարակություն ստանալով, դրա համար էլ Նարեկի սխրագործությունը մեզ չզարմացրեց», - պատմում է ավագ եղբայրը՝ Կարենը, և կարոտում․․․ «Երբ բանակից արձակուրդ էի եկել, Նարեկն առավոտյան շուտ արթնանում էր, գնում հարևանների թութը թափ տալիս, գումար վաստակում և գրպանս դնում։ Ասում էր՝ բանակից ես եկել, թող գրպանումդ փող լինի», - հիշում է Կարենը։

Որոտանի վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանի խոսքով՝ գյուղում սիրված, հարգված տղա էր, ֆիզիկապես շատ ուժեղ, ճկուն, ինչպես ասում են, «դուխը» տեղը տղա․ «Նրա զոհվելուց հետո Գորիսում ինձ ասացին, որ իսկական հերոս ենք կորցրել։ Սյունեցու ոգով, ուժով օժտված երիտասարդ էր»։

Սիրած աղջիկ չուներ, կամ գուցե ուներ, բայց սրտի թաքուն անկյունում պահած։ Տանը գիտեն միայն, որ աղջիկները շատ էին սիրում նրան, որովհետև անմիջական էր, շփվող, ասող-խոսող։ «Երբ տանն էր լինում, պատշգամբի տակ աղջիկների պակաս չէր զգացվում», - հիշում են։

Ո՞վ պիտի անմահացնի զոհված տղաներին

2016թ․ ապրիլի 1-ին զանգահարեց տուն, բայց չասաց, որ պատերազմ է սկսվել, 2-ին նույնպես չասաց։ Պատերազմի մասին լսեցին հեռուստացույցով։ «Ես էլ կռվի մասնակից եմ եղել, դե ասացի՝ պատերազմ միշտ էլ կա։ Երբ հասկացա, որ լուրջ է ամեն ինչ, ասացի գամ, չթողեց, ասաց՝ ամեն ինչ նորմալ է, դուք հանգիստ եղեք, չգաս հանկարծ։ Խաբում էր, որ չանհանգստանանք», - հիշում է հայրը։ Ապրիլի 4-ի առավոտյան, ավաղ, նա արդեն չկար, զոհվեց՝ ծնողներին թողնելով միայն հուշեր, լուսանկարներ։ Ապրիլի 4-ի երեկոյան ողջ Գորիսը լսել էր չարաբաստիկ լուրը, բացի իրենցից․ հայրը փորձեց մեկնել ռազմի դաշտ, բայց չթողեցին՝ խաբելով, թե Նարեկը վիրավոր է։

Որոշ ժամանակ միասին ծառայած ընկերներից Գոքորը պատմում է, որ քառօրյան սկսելուց 10 օր առաջ Նարեկը կրակային պատրաստության դասերի ընթացքում առաջին տեղ էր զբաղեցրել, և բարձրագույն հրամանատարությունը խրախուսել էր՝ մարտական հերթապահությունից հետո  արձակուրդ տալով։ Ցավոք, Նարեկը չիջավ դիրքերից․ «Խիզախ տղա էր, զինվորի պարտականությունները կատարում էր գերազանց»։ 

Ինչպես պատմում են, հրամանատարի հրահանգը՝ թողնել մարտական դիրքը և փրկվել, չի կատարել և մարտական գործողության ընթացքում անտեսելով ինտենսիվ հրետակոծությունը՝ մարտի է նետվել և ոչնչացրել հակառակորդի գրոհայիններին՝ խափանելով նրանց ամրացումը դիրքում: Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով, ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով։ «Երևի արժանի է եղել, որ «Մարտական խաչով» են պարգևատրել․ Գորիսի տարածաշրջանում մեկ էլ խնձորեսկցի Սանոն է այդ պարգևին արժանացել», - հպարտությամբ նշում է հայրը։

«Հերոսները անմահանում են, բայց ո՞վ պիտի անմահացնի։ Մենք ոչինչ չենք ուզում, միշտ էլ աշխատել ենք, արարել, մեզ միայն պետք է, որ հիշեն մեր հերոս զավակին, նրա սխրագործությունը։ Քանի կանք, այնպես պետք է անենք, որ նրան հիշեն, և պահանջենք, որ ըստ արժանվույն գնահատեն նրան․ չէ՞ որ հաջորդ սերունդները պետք է իմանան ու ճանաչեն իսկական հերոսներին», - ասում են Նարեկի ծնողները։

Այս ժամանակահատվածում դպրոցի դահլիճը անվանակոչվել է Նարեկ Մկրտչյանի անունով, բայց այն բարեկարգման կարիք ունի։ Ծնողների ցանկությունն է, որ դպրոցի բարդիների տակ հուշաղբյուր կառուցվի, ինչը անցնող-դարձողին կհիշեցնի Նարեկին։ Վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանից հետաքրքրվեցինք հարցի լուծման ընթացքի մասին, վերջինս հավաստիացրեց, որ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը խոստացել է հուշաղբյուրի կառուցման հարցը լուծել։ Հուսանք, որ այն շուտափույթ իրականություն կդառնա, ինչը ծնողների համար որոշակի սփոփանք կլինի։ Ինչպես մեր զրույցից պարզ դարձավ, ընտանիքի միակ պահանջը զոհվածների հիշատակի հանդեպ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելն է, իսկ այդ ուղղությամբ, համոզված ենք, մեր հանրությունը դեռ շատ անելիք ունի։

Ցավը խեղդելով՝ ապրում են

Յուրաքանչյուր ծնողի համար զավակ կորցնելը ամենածանր վիշտն է, ինչպես Մկրտչյաններն են ասում, տանջվելով ապրում են, բայց այլ ելք չկա՝ կամ պիտի կախվես, կամ ապրես։ Տարիներ շարունակ ընտանիքի հայրը Ռուսաստանում է աշխատել, հետո նրան է միացել Կարենը։ Ընտանիքի համար բարենպաստ պայմաններ են ստեղծել սեփական ուժերով, չարչարվելով։ Նարեկի զոհվելուց հետո միայն հայրը վերջնական թողեց Ռուսաստան մեկնելու ճանապարհը, այլ տարբերակ չկա էլ։ «Միշտ ասում էր, ես էլ բանակից գամ, աշխատենք, մեզ համար մի բան ստեղծենք», - հիշում է եղբայրը։ Այժմ ընտանիքի ապրուստի հիմնական աղբյուրը գոյանում է անասնապահությունից ու այգեգործությունից։ Վարդան Մկրտչյանն աշխատում է Գորիսի զինկոմիսարիատում՝ վարորդ, իսկ Կարենը՝ «Տրանսգազում»՝ պահակ, երկուսն էլ նվազագույն աշխատավարձով։ «Շատ ենք դիմել պատկան մարմիններին աշխատանք գտնելու հարցով, բայց չեն ընդառաջել, ստիպված մեր գլխի ճարը տեսել ենք», - ասում են։

Քեռու ճարպկությունը ժառանգողներ կան

Նարեկի քրոջ՝ Թագուհիկի որդին՝ Տիգրանը, ժառանգել է քեռու ճարպկությունը։ Բայց, ինչպես տիկին Անուշն է ասում, 100 Նարեկ էլ ծնվի, մեկ է, բացը չի լրացվի։ Նարեկի զոհվելուց հետո ծնվեց քրոջ երկրորդ որդին՝ Վաչեն, ում ցանկացան քեռու անունը տալ, բայց այդ անունը հասցեատեր ունի՝ Կարենի՝ ապագայում ծնվելիք որդին։ Տա Աստված, որ ծնողների ցանկությունն իրականություն դառնա, և նոր ծնվող կյանքերը գոնե որոշակի մեղմեն ընտանիքի ցավը, մանկան ճիչով ու ծիծաղով լցնեն այս օջախը․․․

Արմինե Հարությունյան

13:00 17.07.2018

Ամենաշատ ընթերցվածները