ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Նախկին ձիթհանը՝ թանգարան
18:00 18.07.2018

Նախկին ձիթհանը՝ թանգարան

1970-ական թվականներին Շաղատում կառուցված գյուղմթերքներ վերամշակող առաջին արտադրամասը՝ ձիթհանը, այսօր իր տեղն է զբաղեցնում Շաղատի ձիթհան-թանգարանում:  Այցելուները այստեղ ծանոթանում են տեղի խոհանոցային և մշակութային ժառանգությանը, ինչպես նաև բնակչության տնտեսական գործունեությանը: Շաղատի ձեթի համբավը տարածվել էր ողջ Հայաստանում։ Այն առաջին հերթին օգտագործվում էր որպես դեղամիջոց, ապա՝ սնունդ։ Ձիթհանը՝ որպես արտադրամաս, գործել է մինչև 1990 թվականը: Բարերար Գագիկ Խաչատրյանի հովանավորությամբ 2014թ. օգոստոսի 28-ին բացվել է ձիթհան-թանգարանը, որն այսօր դարձել է զբոսաշրջային վայր:

Շաղատի բնակիչ Շուշիկ Հովհաննիսյանի խոսքով՝ մեծերից լսել է, որ ձիթհանը նպաստել է կտավատի ցանքատարածությունների ավելացմանը։ «Մեր պապերի կառուցած այդ արտադրամասն իր հնամենի արտադրաեղանակով եզակի էր։ Ձիթհանում աշխատում էր 7 հոգի: Ցավոք, այսօր նրանցից ոչ ոք կենդանի չէ: Արտադրական հզորությունն այնքան մեծ էր, որ շրջակա գյուղերին ձեթի մատակարարման հիմնական աղբյուր էր հանդիսանում», - պատմում նա:

Արտաքինից սովորական թվացող այս շինության ներսում տեղ են գտել կավե անոթներ, գդալներ, խոհանոցային տարբեր պարագաներ, որոնք իրենց տեսակի մեջ եզակի են: Թանգարանի կենտրոնական հատվածում տեղադրված է ձիթհանը, որի գլխավոր մասը կալատունն է: Վերջինիս 2 կողﬕց կից են ճզմարանները, իսկ կենտրոնում բովարանն է: 

Տիկին Շուշիկն ասում է. «Եթե ցանկանում ես ծանոթանալ շաղատցիների պատմությանը, նիստուկացին, ապա առաջին քայլը, որ պետք է անել, թանգարան այցելելն է»:

Պատմական ակնարկ

Շաղատը գտնվում է Որոտանի աջ ափին, Սիսիան-Նախիջևան խճուղու ձախակողմյան հատվածում՝ Շաղատ գետի Որոտանին միախառնվելու տեղում՝ Սիսիանից 19 կմ արևմուտք: Ստեփանոս Օրբելյանը «Պատմութիւն տանն Սիսական» երկի 9-րդ  գլխում շարադրում է Սյունյաց Անդոկ իշխանի  գործունեության մասին՝ կապված Շաղատի հետ: Մ․թ․ 4-րդ դարի վերջից մինչև 9-րդ դարի առաջին կեսը Շաղատում էին գտնվում Սյունյաց եպիսկոպոսարանը և հոգևոր բարձր տիպի դպրոցը։ Շաղատի՝ որպես Սյունիքի գլխավոր քաղաք լինելու հանգամանքը պատմաբան Մորուս Հասրաթյանը բացատրում է հարմարավետ դիրքով: Օրբելյանների իշխանության անկումից և Լենկ Թեմուրի արշավանքներից հետո Շաղատն աստիճանաբար անկում ապրեց և վերջնականապես դատարկվեց: Կան վարկածներ, որ Շաղատի տարածքում պահպանվել են բազմաթիվ հնագիտական գաղտնիքներ, որոնք հնարավոր կլինի պարզել միայն պեղումների միջոցով:

Թագուհի Մաթևոսյան

18:00 18.07.2018

Ամենաշատ ընթերցվածները