ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բանտը՝ հասարակության հայելի
20:00 18.07.2018

Բանտը՝ հասարակության հայելի

Բանտը ցանկացած հասարակության հայելին է: Ուզո՞ւմ եք շատ արագ պատկերացում կազմել այս կամ այն ժողովրդի մասին, այցելե՛ք քրեակատարողական հիմնարկ:

Երկու շաբաթ անընդմեջ Հայաստանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում էի՝ «Դիսքավերի» հանրաճանաչ հեռուստաալիքի «Ճաղավանդակից այն կողմ» հատուկ հեռուստանախագծի շրջանակում: Միանգամից ասեմ՝ ինչ գիտեի, ոչ մի կամ գրեթե ոչ մի կապ չուներ իրականության հետ: Մարդկային ստորության, զգուշավորության, նվիրվածության և մի շարք այլ աբստրակտ հասկացությունների մգացված գույներով ներկապնակը ներկայանում է իր ողջ գեղեցկությամբ կամ գռեհկությամբ: Վստահ չեմ, թե որ բառն է այստեղ ավելի սազական:

Օրինական թմրամոլները

«Ախպե՛ր, մի՛ նկարեք, ինչի՞ եք ինքնասիրություններիս կպնում»,-գոռաց մի դատապարտյալ, ով գողականների մասնաշենքից էր (գոյություն ունեն նախկին ոստիկանների և զինվորականների, գողական, չեզոք դատապարտյալներով համալրված մասնաշենքեր) և սպասում էր մեթադոնի իր չափաբաժնին:

Այո, մեր բանտերում թմրամոլների համար կա հատուկ մի ծրագիր, երբ յուրաքանչյուրը կարող է ստանալ իրեն հասանելիք մեթադոն թմրանյութը: Սա արվում է այն պարզ պատճառով, որ թմրանյութից կախվածություն ունեցող դատապարտյալները ստիպված չլինեն վնասել իրենց կամ մյուսներին՝ անհրաժեշտ «դոզան» ստանալու համար, կամ կարիքից ելնելով՝ չփորձեն ապօրինի կերպով թմրանյութ ներս բերել: Մոտ մեկ ժամում տեսա անթիվ դողացող ձեռքեր և նյարդային շարժումներ, որոնք բնորոշ են «կայֆի դեղ» սպասողներին:

«Հիմա կխմեն ու մինչև օրվա վերջ խցում անջատված կպառկեն»,- բացատրում էր անվտանգության աշխատակից Արամ Հովհաննիսյանը, ով սովորաբար վերահսկում է գործընթացը, որպեսզի չփորձեն գողանալ հավելյալ հաբեր: Ըստ վիճակագրության՝ միայն 20 տոկոսին է հաջողվում աստիճանաբար իջեցնել թմրանյութի չափաբաժինը և ազատվել թմրամոլությունից: Մյուսներն այդպես էլ մնում են հասարակությանը ոչ պիտանի պորտաբույծներ, որովհետև նրանց անհնար է ներգրավել որևէ վերականգնողական ծրագրում: Մեթադոն չտաս, չի լինում, տալիս ես, կրկին խելքին մոտ բան չի ստացվում:

«Լավ ծրագիր է այս մեթադոնի բաժանումը, ահագին հարց է լուծում: Ես Վրաստանից եմ և ոչ մի կերպ չէի կարողանա լուծել իմ թմրամոլ լինելու խնդիրը»,- չի թաքցնում Գելան, ով մեզ հետ խոսեց միայն այն պատճառով,որ Հայաստանում բարեկամներ կամ ծանոթներ չունի: Այդպես էլ չհասկացա, արդյո՞ք լավ բան է թմրամոլի համար բանտի ներսում խնդիր չստեղծելը, թե՞ ոչ, բայց որ չուզեցի խցերում նրանց անջատված լինելը տեսնել, միանշանակ էր: Այդ օրը վերանայեցի կարծիքս՝ ամուր նյարդեր ունենալու մասին:

«Օրենքի գողեր» և «նայողներ»

Մեր նկարահանող խմբի խնդրանքով բացվեց այսպես կոչված գողական մասնաշենքի դուռը: Երկու վայրկյան անց աչալուրջ դատապարտյալներից մեկը, ով սովորաբար հսկում է մուտքի դուռը, գոռաց. «Եղոոոոոո»: Իրականում Եղո անունով ոչ մի դատապարտյալ էլ չկար: Սա ազդանշան է մասնաշենքի բնակիչներին, որ տարածք մուտք են գործել անկոչ հյուրեր, և բոլորը պետք է իրենց ճարը տեսնեն: Ոմանք թաքցնում են անթույլատրելի իրերը, մյուսները՝ լավ տղերքը, թաքնվում են խցերում՝ աչքից հեռու: Փոքր-ինչ անց մեր կողքով սկսում են քայլել անհասկանալի մարդիկ, ովքեր զննում են մեզ, մեր անելիքները և փորձում պարզել մեր այցի նպատակը, որպեսզի հետագայում զեկուցեն խցերում թաքնված «նայողներին»: Գողական ենթամշակույթը շատ նման է գայլերի ոհմակի և միևնույն ժամանակ աղանդավորների ապրելակերպին (սրա մասին դեռ առիթ կլինի գրել): Գողական աշխարհի վերնախավը զգուշավոր է և լավ թաքնվում է աչքից, այլապես կվտանգի քրմական այս համակարգի մոգական ուժը․ չէ՞ որ ամեն ինչ գործում է այդ շղարշի ներքո: Բայց սա արդեն ուրիշ թեմա է, որը ձեզ սպասում է թերթի էջերում... Դե ինչ, հուսամ՝ կհետևեք այս թերթային սերիալին, որը հիմնված է իմ սեփական նկատառումների և հավաքված տեղեկատվության վրա: Այս պահին քրեակատարողական հիմնարկի գլխավոր մուտքի դուռը խուլ շրխկոցով փակվում է իմ մեջքի հետևին: Ես գնացի տուն, այսօր ավարտում ենք այսքանով:

Արման Սուլեյմանյան

Լուսանկարի հեղինակ՝ Սթեֆան Արապովիչ

20:00 18.07.2018

Ամենաշատ ընթերցվածները