ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գուցե անցած խաղում մրցակիցը մեզ թերագնահատեց. Աշոտ Բարսեղյան
12:33 19.07.2018

Գուցե անցած խաղում մրցակիցը մեզ թերագնահատեց. Աշոտ Բարսեղյան

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը վստահ է, որ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Լեխի» դեմ 2-րդ խաղում մրցակիցն ավելի լուրջ է տրամադրված լինելու, քան առաջինում: Անցած շաբաթ մրցակցի հարկի տակ հանդիպումն ավարտվել է «Լեխի» 2:0 հաշվով հաղթանակով: Այսօր՝ հուլիսի 18-ին,  պատասխան խաղի նախախաղյա ասուլիսի ժամանակ մարզիչը նշեց, որ այդ խաղում, ըստ իրեն, մրցակիցը գուցե ինչ-որ տեղ թերագնահատել է իր թիմին, սակայն իրենց գործի մեջ տեսնելուց հետո վաղը նման բան չի անի:

«Կարող է՝ ինչ-որ մի տեղ մեզ թերագնահատեցին, բայց վաղն այստեղ նույն բանը չեն անի, որովհետեւ տեսան, որ այն թիմը չենք, որը պատկերացնում էին: Վաղը մեզ համար ավելի դժվար է լինելու: Նրանք ոչ մի տեղ անցած խաղում չթերացան, իրենց հնարավորություններից թույլ չխաղացին, բայց գուցե նաեւ 2:0-ից հետո թուլացան, մենք սկսեցինք ճնշում գործադրել, ու նրանք չկարողացան վերադարձնել իրենց խաղը»,- ասաց նա:

Բարսեղյանը նաեւ գովեց իր ֆուտբոլիստների ելույթն առաջին խաղում: Նա գոհ էր իր ֆուտբոլիստներից: Նշեց, որ իր խաղացողներն արել են առավելագույնը բարենպաստ արդյունքի հասնելու համար, սակայն այդ օրը բախտը երես էր թեքել նրանցից:

«Նրանք շատ հզոր ֆուտբոլիստներ ունեն, բայց կարողացանք ապացուցել, որ կարող ենք հոգով խաղալ, արժանապատվորեն խաղալ ու արդյունքի հասնել: Խաղը շատ վատ դասավորվեց մեզ համար: Ոչ պարտադիր 11-մետրանոց նշանակեցին. 10-15-րդ րոպեից հետո արդեն 2:0, տեսեք՝ հոգեբանական ինչ ծանր վիճակով սկսեցինք խաղը: Բայց փառք այս տղաներին, որ 2:0-ից հետո մենք պահեր ունեցանք: Այնտեղ էլ նշեցի, որ գնդակը մեզ չսիրեց, որովհետեւ պահեր կային, որ գնդակն ուրիշ ճանապարհ չուներ, բայց չմտավ դարպասը»,- ասաց նա:

«Գանձասար-Կապան»-«Լեխ» խաղը կայանալու է վաղը՝ հուլիսի 19-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սկսվելու 19:00-ին: Մուտքն ազատ է:

Աղբյուր՝ armtimes.com

12:33 19.07.2018

Ամենաշատ ընթերցվածները