ԱՎԵԼԻՆ

Առողջապահություն

Յունիսեֆ. Հայաստանում յուրաքանչյուր 6-րդ երեխան թերսնուցման խնդիր ունի
18:00 13.09.2018

Յունիսեֆ. Հայաստանում յուրաքանչյուր 6-րդ երեխան թերսնուցման խնդիր ունի

Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 17.6 տոկոսը՝ յուրաքանչյուր 6-րդ երեխան, թերսնուցման խնդիր ունի: Նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը։

Զեկույցում նշվում է, համաձայն ՀՀ վիճակագրության կոմիտեի տվյալների՝ Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների մոտ ավելորդ քաշի խնդիրն ավելի տարածված է, քան թերաճության խնդիրը: Երեխաների 13.6 տոկոսն ավելորդ քաշի խնդիր ունի, իսկ 9 տոկոսը՝ թերաճության խնդիր:

Հայաստանի վերաբերյալ հրապարակված տվյալների համաձայն՝
• Մինչև 5 տարեկան երեխաների 16 տոկոսը, իսկ 15-49 տարեկան կանանց 13 տոկոսն անեմիա ունի:
• Մինչև 6 ամսական երեխաների միայն 45 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում:
• 15-49 տարեկան կանանց 45 տոկոսն ավելորդ քաշ ունի:
• Բոլոր ընտանիքները յոդացված աղ են օգտագործում:

Զեկույցում նշվում է, աշխարհում 821 միլիոն մարդ սովի է մատնված։

Երեխաների թերաճությունը նվազեցնելու միայն թեթև առաջընթաց է գրանցվել. 2017-ին մինչև 5 տարեկան 151 միլիոն երեխա ցածրահասակ է (տարիքի համեմատ)՝ համեմատած 2012-ի 165 միլիոն երեխայի հետ: Ընդհանուր առմամբ, Աֆրիկայում և Ասիայում են գրանցված թերաճ երեխաների 39 և 55 տոկոսները համապատասխանաբար:

Զեկույցը «ամոթալի» է համարում վերարտադրողական տարիքում գտնվող յուրաքանչյուր 3-րդ կնոջ մոտ անեմիայի առկայության փաստը: Դա մեծ հետևանք ունի թե՛ կնոջ և թե՛ երեխայի առողջության ու զարգացման վրա:

Ոչ մի երկրում վերարտադրողական տարիքում գտնվող կանանց մոտ անեմիայի ցուցանիշների նվազում չի գրանցվել (ի դեպ վերջինս Աֆրիկայում և Ասիայում երեք անգամ ավելի է տարածված):

Բացառապես կրծքով կերակրման ցուցանիշները Աֆրիկայում և Ասիայում 1.5 անգամ բարձր են, քան Հյուսիսային Ամերիկայում, որտեղ մինչև 6 ամսական երեխաների միայն 26 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում:

Սովի հակառակ կողմը. գիրությունն ավելի մեծ խնդիր է դառնում

Մեծահասակների գիրությունը ավելի մեծ խնդիր է դառնում: Աշխարհում 8 բնակչից մեկը գեր է: Խնդիրն ավելի արտահայտված է Հյուսիսային Ամերիկայում, սակայն Աֆրիկան և Ասիան նույնպես հետ չեն մնում:

Շատ երկրներում խնդիր է թե՛ թերսնուցումը և թե՛ գիրությունը, ինչը նույնիսկ կարող է արտահայտվել նույն ընտանիքում: Սննդարար ուտելիքի թանկությամբ պայմանավորված դրա անհասանելիությունը, սննդի անբավարարությունից առաջացող սթրեսը և սննդի խնդրին հոգեբանորեն հարմարվելը օգնում են հասկանալ սննդի պակաս ունեցող ընտանիքների ավելորդ քաշի և գիրության հավանականությունը:

Կոչը

Զեկույցում կոչ է արվում ապահովել սննդի հասանելիությունը՝ կտրելով թերսնուցման սերնդեսերունդ փոխանցվող շղթան: Այս գործընթացում անպայման պետք է ուշադրություն դարձնել ամենախոցելի խմբերին՝ նորածիններին, մինչև 5 տարեկան երեխաներին, անչափահաս աղջիկներին և կանանց:

Զեկույցում նաև կոչ է արվում կլիմայական դիմակայունության համար աշխատել կլիմայական փոփոխություններին հարմարվելու, դրա հետևանքները մեղմելու և աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ:

Հիմնական փաստերն ու թվերը՝
2017-ին աշխարհում 821 միլիոն մարդ՝ յուրաքանչյուր 9 բնակչից մեկը, սովի է մատնված եղել.
• Ասիայում՝ 515 միլիոն
• Աֆրիկայում՝ 256.5 միլիոն
• Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում՝ 39 միլիոն
• Մինչ 5 տարեկան երեխաների 22 տոկոսը՝ 150.8 միլին երեխա, թերաճ է (ցածրահասակ տարիքի համեմատ)
• Մինչ 5 տարեկան երեխաների 7.5 տոկոսը՝ 50.5 միլիոն երեխա, թերքաշ է (նիհար հասակի համեմատ)
• Մինչ 5 տարեկան երեխաների 5.6 տոկոսը՝ 38.3 միլիոն երեխա, գերքաշ է (գեր հասակի համեմատ)
• Վերարտադրողական տարիքի կանանց 32.8 տոկոսը անեմիա ունի:
• Մինչ 6 ամսական երեխաների 40.7 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում:
• Յուրաքանչյուր 8-րդ բնակիչ՝ 672 միլիոն մարդ այսօր գիրության խնդիր ունի:

Աղբյուրը՝ Panorama.am

18:00 13.09.2018

Ամենաշատ ընթերցվածները