ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բուհերում հայալեզու գրականության բացակայություն. լավ և վատ կողմերը
18:00 24.03.2021

Բուհերում հայալեզու գրականության բացակայություն. լավ և վատ կողմերը

Հայաստանի գրեթե բոլոր բուհերում, հատկապես ԵՊՀ-ում, բազմաթիվ առարկաների ուսուցումը իրականացվում է օտարալեզու գրականությամբ, քանի որ չկան համապատասխան հայերեն նյութեր: Այս առիթով ուսանողների մեծ մասը հաճախ է դժգոհում: Ոմանք դա համարում են չափազանց ժամանակատար և ոչ այդքան արդունավետ աշխատանք, ուրիշներն ավելորդ գումար են ծախսում, որպեսզի թարգմանեն հարկավոր նյութերը, ոմանք էլ բավարար ժամանակ կամ գումար չունենալու պատճառով  ուղղակի չեն հանձնում քննությունը:

ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի հանրային կառավարման բաժնի 3-րդ կուրսի ուսանող Լուսինե Դավթյանը խնդիր է համարում հատկապես ժամանակի կորուստը.
«Մենք տարեկան 650 հազար դրամ ենք վճարում, բայց ստիպված ենք հավելյալ գումար հատկացնել նյութերի թարգմանության ու տարբեր տեղերից հայթայթելու համար: Իսկ եղածով կարող ենք միայն քննության  ներկայանալ, բայց լավ մասնագետ դառնալու համար այդ նյութերը չափազանց քիչ են. մի քանի էջով մասնագետ չես դառնա»:
Նույն ֆակուլտետի շատ ուսանողներ էլ բողոքում են, որ իրենք համալսարան են ընդունվել ֆրանսերենի կամ գերմաներենի իմացությամբ, և անգլերենը ամբողջությամբ անհասանելի է իրենց:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Կարինե Ավետիսյանը նշում է. «Բոլորը չէ, որ օտար լեզուների իմացության բարձր մակարդակ ունեն. պետք է հաշվի առնվի այս հանգամանքը: Բացի այդ, մենք սովորում ենք Հայաստանում և հետևաբար նյութերը պետք է հայերեն լինեն: Անգլերեն նյութերը ուսանողները յուրացնում են անգլերենի ժամին, ռուսերենն էլ` ռուսերենի»:
Իսկ նույն ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Ռոզա Խաչատրյանը կարծում է, որ դա ավելի շուտ ոչ թե խնդիր է, այլ ինչ-որ տեղ նաև առավելություն.
«Այո, աշխատանքս կրկնակի է դառնում, բայց ես, ճիշտն ասած, դժգոհ չեմ։ Արտասահմանյան գրականությունից օգտվելն անհրաժեշտություն է: Թարգմանելով, շատ ժամանակ ծախսելով՝ ամեն անգամ մի նոր բան ես սովորում: Կարծում եմ` հայ մարդու համար ռուսերենը չպետք է շատ հեռու լինի, իսկ անգլերեն ես նույնիսկ չէի անցել, չէի տիրապետում ընդհանրապես, բայց հանձնարարվող օտարալեզու նյութերի շնորհիվ սկսեցի սովորեցի անգլերեն»:

Պատկերը փոքր-ինչ այլ է ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: 2-րդ կուրսի ուսանողները հատկապես դժգոհում են միկրոտնտեսագիտություն առարկայից, քանզի, որքան էլ կան առարկային վերաբերող հայերեն գրքեր, միևնույն է, դասախոսները ընդունում են միայն ու միայն անգլերեն գրքի նյութերը:

ԵՊՀ  ուսումնական աշխատանքների գծով նախկին պրոռեկտոր, դոցենտ Մենուա Սողոմոնյանի խոսքով` հայալեզու գրականության պակասը ունի մի շարք խորքային պատճառներ.
«Մեր չնչին, փոքր ռեսուրսներով չենք կարող մեծ թարգմանություններ իրականացնել: Սա մի կողմից ֆինանսական միջոցների հարց է։ Այն, ինչն անում են հարուստ պետությունները, փոքր պետություններն իրենց սահմանափակ ռսուրսներով չեն կարող անել: Համալսարանում պարտադիր դասավանդում են օտար լեզուներ, հատկապես անգլերեն և ռուսերեն, և դրանով փորձում փոքր-ինչ այդ ճեղքվածքը փակել: Բացի այդ, գիտությունը չի կարող պարփակված մնալ։ Օտար լեզուների կիրառումը անհրաժեշտ է և օգտակար: Իհարկե, հնարավորինս պետք է ձգտենք մեր լեզվով գրականություն ստեղծել, բայց նաև պետք է հասկանանք, որ օտարալեզու գրականության կիրառումը նույնպես նորմալ է»:

Անահիտ Առաքելյան 

18:00 24.03.2021

Ամենաշատ ընթերցվածները