ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ինկուբատոր անունով ժամանակակից թուխսը
16:00 24.03.2021

Ինկուբատոր անունով ժամանակակից թուխսը

Մանկուց տարատեսակ թռչունների հանդեպ մեծ սերը և  դրանց նկատմամբ հետաքրքրությունը Ալենը կարողացավ բիզնես դարձնել։ Համացանցով ավելի ճշգրիտ տեղեկություններ հավաքելուց, դրանց խնամքին, բազմացնելու պայմաններին ծանոթանալուց, արդեն հստակ իր անելիքն իմանալուց հետո արտասահմանից պատվիրել է ձվի առաջին խմբաքանակը։  Ինկուբատորով  ճուտ ստանալու առաջին փորձի հաջողությունը  ոգևորեց նրան։
Ինկուբատորը սարքավորում է, որտեղ մշտական ջերմաստիճանը և խոնավությունը պահպանվում են գյուղատնտեսական թռչունների ձվաբջիջների արհեստական բազմացման համար։
Ալեն Հակոբյանը ճտարտադրությամբ զբաղվում է արդեն 7 տարի, նրա ուսուցիչն են դարձել  համացանցը, սեփական փորձը և, ինչու չէ, թույլ տված վրիպումները։ Բազմացնում է հավի 2 տեսակ ՝ բռամա և տետրա ու լորի մի տեսակ ։  Այս տեսակներն է ընտրել, քանի որ դրանք ավելի եկամտաբեր են,  բռաման ունի բարձր մսատվություն, գեղեցիկ տեսք, իսկ տետրան ձվատու հավ է։

«Այս աշխատանքում ամենակարևոր գործոններից մեկը համբերությունն է, սկզբնական շրջանում ինչ-ինչ պատճառներով (ինկուբատորի անսարքություն, էներգամատակարարման բարդություններ, փորձի պակաս) ձախողումներ, հիասթափություններ, կորուստներ շատ եմ ունեցել, ուղղակի այնքան եմ սիրում ու նվիրված եմ եղել այս գործին, որ չեմ ընկճվել ու ձգտել եմ ավելի շատ աշխատել» ։

Գնորդները համացանցում կամ ընդհանուր ծանոթների միջոցով են գտնում Ալենին։
Նրա խոսքով՝ մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որտեղ շատ են գյուղատնտեսությամբ զբաղվողները, սպառողները հիմնականում հենց նրանք են։ Գնորդներ ունի նույնիսկ հեռավոր մարզերից։



Տարին մի քանի անգամ հավերը  և ճտերը պատվաստում են ստանում իմունային համակարգը ուժեղացնելու, հիվանդություններից և հնարավոր վարակներից  պաշտպանվելու համար։
Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրում կառուցված թռչնանոցները տարին 2 անգամ պարտադիր ախտահանվում են, ձմռան պայմաններում ջեռուցվում , թեև բռամա տեսակի թռչունը փարթամ փետուրների առատության պայմաններում դրա անհրաժեշտությունը չի զգում։ Ի տարբերություն վերջինիս, լորերը պետք է անպայման տաք միջավայրում պահվեն։
Նորագույն տեխնոլոգիաները  միայն օգնում են Ալենին․ բոլոր թռչնանոցները ավտոմատացված են՝ ջրային համակարգից մինչև օդափոխության համակարգ։
Տարբեր տեսակի հավերը պահվում են իրարից զատ, առանձին թռչնանոցներում։

« Ձվատվության մակարդակը ապահովում եմ կերի բաղադրությունով, օրվա կերի չափաբաժնին խառնում եմ սննդային հավելումներ և վիտամիններ,  դրանց միջոցով պահպանում ձվատվության և  մսատվության հարկավոր մակարդակ»։

Մինչ ինկուբատորում տեղավորելը  ձուն ստուգման փուլ է անցնում,հատուկ սարքավորման օգնությամբ պարզվում՝ սաղմնավորված է, թե ոչ։
Կարևոր է նկատել նաև, որ ձուն վնասված՝ ճաքած կամ կոտրած չլինի։
Ինկուբացիոն շրջանը տևում է 21-24 օր, ընթացքում պարբերաբար փոխվում են պայմանները։



«Երբ ինկուբատորում դնում եմ 110 ձու, ստանում եմ 104 ճուտ։
Թռչնաբուծությամբ զբաղվողները գիտեն, որ 80 տոկոս ճտատվությունը գերազանց արդյունք է։
Թռչունները սկսում են ձու ածել հինգուկես   ամսականից, պայմանավորված նաև կերով, շենքի տաքությամբ, մաքությամբ և այլ գործոններով։  Թռչնապահներ կան, որ ձու են ստանում  ութ ամսականներից։
Ճտերի վաճառքի գինը կախված է նրանից, թե քանի օրական են գնման պահին, ինչքան մեծ, անքան թանկ» ։

Երիտասարդ ֆերմերը երբևէ չի մտահոգվել, թե գործը կարող է առաջ չգնալ, որքան էլ  շուկայում մրացակիցները շատ լինեն։

Ալենը մասնակցում է «Խուստուփ» բնապահպանական ՀԿ-ի միջոցով հայտարարված տնային տնտեսությունների համար  փոքր ծավալի բիզնես-ծրագրերի մրցույթին։
Յուրաքանչյուր տնային տնտեսություն պետք Է ներկայացնի միայն մեկ բիզնես-ծրագիր: Մեկ փոքր ծավալի բիզնես-ծրագրի համար տրամադրվող գումարի չափը կազմում է մինչև 700.000 դրամ։
Պետք է ներկայացվի, թե այդ գումարի շրջանակում ինչ է անելու ֆերմերը։
Նոր շինություն, հավի նոր տեսակներ, ճտերի խնամքի համար հատուկ տաքացվող լուսային խցիկներ, սրանք են Ալենի ներկայացրած պլանները վերը նշված  դրամաշնորհը ստանալու դեպքում։

Սոնա Սողոմոնյան

16:00 24.03.2021

Ամենաշատ ընթերցվածները