ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Գյուղնախարարությունը հորդորում է իրականացնել ագրոմիջոցառումներ լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ
21:00 22.11.2018

Գյուղնախարարությունը հորդորում է իրականացնել ագրոմիջոցառումներ լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ

Հաշվի առնելով 2018 թվականին լոլիկի հարավամերիկյան ցեցի (Tuta absoluta) մեծ տարածումն ու զարգացումը և դրա հետևանքով մորմազգի մշակաբույսերի (լոլիկ, սմբուկ, տաքդեղ, կարտոֆիլ և այլն) ցանքերին հասցված վնասը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է Արարատյան հարթավայրի և նախալեռնային գոտու հողօգտագործողներին ընթացիկ տարվա աշնան-ձմռան ամիսներին իրականացնել հետևյալ ագրոմիջոցառումները՝

• աշնանը՝ բերքահավաքից հետո, հավաքել և ոչնչացնել կամ առնվազն 50 սմ խորությամբ հորել մորմազգի մշակաբույսերի փրերը (կանաչ զանգվածը), ինչպես նաև դաշտերը շրջապատող հարակից տարածքների մորմազգի մոլախոտային բուսականությունը,

• դաշտերում, որոնք նախատեսվում են հաջորդ տարի մորմազգի մշակաբույսերի ցանքի կամ սածիլման համար, ուշ աշնանը կատարել հողի խորը վար,

• ձմռանը՝ հունվար ամսին, երբ հողը սառած է, կատարել կրկնավար, որի արդյունքում վարելաշերտի ստորին հատվածում պատսպարված վնասատուներն ու հիվանդությունների հարուցիչները, տեղափոխվելով հողի մակերես, կոչնչանան:

• կիրառել ցանքաշրջանառություն, մորմազգիներով նախկինում զբաղեցրած տարածքներում բացառել նույն ընտանիքի մշակաբույսերի մշակությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ բարձր արդյունավետություն ապահովելու համար պետք է կիրառել պայքարի համալիր միջոցառումներ: 2019 թվականի վեգետացիայի ընթացքում անհրաժեշտ պայքարի միջոցառումերի վերաբերյալ հողօգտագործողներին պարբերաբար կտրվի համապատասխան մասնագիտական խորհրդատվություն ու աջակցություն:

Աղբյուրը՝ Panorama.am

21:00 22.11.2018

Ամենաշատ ընթերցվածները