ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

 «ՀՀ տնտեսական աճը արտաքին գործոններով է պայմանավորված, ոչ՝ ներքին ներուժի»․ տնտեսագետ․ ABC MEDIA
15:26 14.02.2024

«ՀՀ տնտեսական աճը արտաքին գործոններով է պայմանավորված, ոչ՝ ներքին ներուժի»․ տնտեսագետ․ ABC MEDIA

2023 թվականի տնտեսական տարին, ըստ պաշտոնական վիճակագրության, արդյունավետ է․ 1 տարում արձանագրվել է 9,5 % տնտեսական աճ, այն դեպքում, երբ նախատեսված էր 7% տնտեսական աճ։ Թվերի աճը, սակայն, տնտեսական ներքին ներուժով չէ պայմանավորված. ABC Economics հեղինակային հաղորդաշարի ընթացքում ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Այս տնտեսական աճը ապահովել են առևտրի, ծառայության և շինարարության ոլորտները, որոնք արտաքին գործոններով են պայմանավորված։ Սա մեր ներքին տնտեսական ներուժի հաշվին արձանագրված աճ չէ․ դրսից դրամական հոսքերի արդյունք է։ Օրինակ՝ արդյունաբերության ոլորտում աճ է գրանցվել 4,1%-ով։ Այս համեստ աճն անգամ արտաքին գործոնով է պայմանավորված, որն ապահովել են ոսկերչության ու ծխախոտության ոլորտները։ Ուշագրավ է ոսկերչության արտադրության ծավալները նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։ Սակայն սա ընդամենը վերաարտահանում է․ ռուսական ոսկին եկել է Հայաստան, վերածվել է «ոսկերչական ապրանքի» և արտահանվել արաբական երկրներ, Թուրքիա և այլն։ Այսինքն՝ սա էլ մեր ներքին ռեսուրսը չէ ու մեկ օրում կարող է անհետանալ»,- ասել է Պարսյանը։

Տնտեսագետը մտահոգիչ է համարում վիճակը նաև արդյունաբերության մշակող ճյուղում, մասնավորապես Հայաստանի համար այցեքարտ համարվող սննդամթերքի արտադրության ոլորտում։

«Սննդի արտադրության ոլորտում 5,8% անկում է նկատվում, խմիչքի արտադրության ծավալները նվազել են 3,8 %-ով։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ մեր վերամշակող արդյունաբերությունը անկում է արձանագրում։ Այս ոլորտը ուղղակիորեն կապվում է գյուղատնտեսությանը։ Եթե գյուղմթերքների իրացում չիրականացվի, ապա գյուղատնտեսության ոլորտը ևս անկում կապրի։ Սակայն կարող ենք նշել, որ գյուղատնտեսության ոլորտը 2023 թվականին միակ ոլորտն է, որ ընդամենը 0, 3 տոկոսով է անկում ապրել»,- նշել է տնտեսագետը։

Հայաստանի համար կարևոր ճյուղերից է շինարարությունը։ Այս ոլորտում արձանագրվել է 14,8 % աճ, որին նպաստել է բնակարանաշինությունն ու պետական ծրագրերը` մասնավորապես ասֆալտապատումը։ Այս ոլորտի աճը խիստ ժամանակավոր է և տնտեսական ազդեցությունը շատ փոքր։

Տնտեսագետը 2024-2025 թվականներին անշարժ գույքի շուկայում կանխատեսել է տնտեսական ճգնաժամ, որը ժառանգություն է հասել 2023 թվականին։

Աղբյուրը՝ ABC MEDIA

15:26 14.02.2024

Ամենաշատ ընթերցվածները