ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայաստանը՝ ծագող արեւի երկիր․ Engineering and Technology ամսագիր
14:30 26.01.2019

Հայաստանը՝ ծագող արեւի երկիր․ Engineering and Technology ամսագիր

Եվրոպայի ամենահեռավոր սահմանի մոտ գտնվում է մի երկիր, որն ուզում է օգտագործել արեւի ուժը, որպեսզի դուրս գա աղքատությունից եւ օգնի մարել տասնամյակներով մոլեգնող հակամարտությունը։ Այս մասին ասվում է «Հայացք Բրյուսելից․ Հայաստանը՝ ծագող արեւի երկիր» հոդվածում, որը հրապարակվել է Engineering and Technology ամսագրի կայքում։

Հոդվածում նշվում է, թե Հայաստանը, որ կախված է ռուսական գազից եւ ունի երկու փակ սահման՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, փորձում է էներգիայի ստացման նոր տարբերակ գտնել։

«Թեեւ դեպի ծով ելք չունեցող եւ թշնամի տերությունների միջեւ գտնվող Հայաստանի դիրքը իր շատ դժբախտությունների աղբյուրն է, վերջնական արդյունքում դա կարող է դառնալ նրա փրկարար շնորհը։ Որն է առավելությո՞ւնը։ Արեւը»,- գրում է հոդվածի հեղինակ Սեմ Մորգանը։

Նա նշում է, որ նախկին կառավարությունն էլ արեւային էներգիայի ոլորտում հսկայական պոտենցիալի հետ կապված մեծ ծրագրեր ուներ։ 2018թ․ Հայաստանում ստացված արեւային էներգիայի ծավալը աճել է մոտ 50 տոկոսով։ Կառավարությունը նաեւ հայտարարել է, որ իրենց բոլոր շենքերը կանցնեն արեւային վահանակների օգտագործմանը։ Կա նաեւ մինչեւ 2030թ․ յուրաքանչյուր տանիքի վրա վահանակներ տեղադրելու ծրագիր։

Հոդվածում ընդգծվում է, որ դրանց տեղադրման ծախսերը մեծ են, ինչը բնական խոչընդոտ է աղքատ երկրում, մանավանդ՝ եվրոպական ստանդարտներով։ «Էներգետիկայի ոլորտում հայ փորձագետները կարծում են, որ ներդրումների եւ սուբսիդիաների ճիշտ սխեմաների դեպքում երկրի բնակիչները կարող են սկսել օգտվել էժան ջեռուցումից եւ կայուն էներգամատակարարումներից»,- գրում է հեղինակը՝ հավելելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Դավոս, որպեսզի բիզնես բերի Հայաստան։

Հեղինակը հիշեցնում է, որ վերջին տասնամյակում Հայաստանում գազով աշխատող ավտոմեքենաներ են վարում, ինչն արդեն նշանակում է, որ վարորդները սովորել են «վերալիցքվորմանը», այդ պատճառով էներգիայի նորացված աղբյուրների կողմնակիցները կարծում են, որ էլեկտրամոբիլներին անցումը կարող է հեշտ լինել, եթե այն գալիս է կանաչ էներգիայի հետ ձեռք ձեռքի տված։

Բացի այդ, հեղինակը վստահ է, որ էներգետիկ հեղափոխությունը կարող է օգնել ղարաբաղյան հակամարտության լուծմանը։ Նա կարծում է, որ «ֆինանսական անխուսափելի օգուտը, որ բերում է կայուն էներգետիկան, կարող է կտրել այն պարբերականությունը, որի մեջ հայտնվել են երկու երկրները, եւ ծայրահեղ դեպքում՝ օգնել վերսկսել բանակցությունները»։

Նրա խոսքերով, կա այն բանի ապացույցը, որ նորացված էներգիայի ուժը կարող է օգնել ոչ միայն բարելավել օդի որակը, այլ Ղարաբաղում իրավիճակն ընդհանրապես։ «Անցյալ ամռանը հիդրոէներգետիկայով հարուստ Ղարաբաղը նոր ռեկորդ սահմանեց՝ այժմ նա գեներացնում է էներգիայի նորացված աղբյուրներից ստացված էլեկտրաէներգիան եւ նույնիսկ արտահանում այն Հայաստան, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Այժմ դա իսկական ուժ է»,- ամփոփում է հեղինակը։

Աղբյուրը՝ NEWS.am

14:30 26.01.2019

Ամենաշատ ընթերցվածները