ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Արդյունաբերական արտադրանքի ծավալն առաջին կիսամյակում աճել է 6.9%-ով
19:00 05.08.2019

Արդյունաբերական արտադրանքի ծավալն առաջին կիսամյակում աճել է 6.9%-ով

Արդյունաբերական արտադրանքի ծավալը Հայաստանում 2019թ. հունվար-հունիսին կազմել է 900,5 մլրդ դրամ, ինչը 6.9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ն՝ այս մասին նշված է Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի մասին 2019 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունում։

Արդյունաբերական արտադրանքի հիմնական ոլորտներում ընթացիկ տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվել են դրական միտումներ։

Մասնավորապես՝ հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործումը 2019թ. առաջին կիսամյակում աճել է 6.8%-ով՝ կազմելով 159.19 մլրդ դրամ։

Մշակող արդյունաբերությունն այս տարվա հունվար-հունիսին կազմել է 605.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով  8.7%-ով։ Ընդ որում՝ սննդամթերքի արտադրությունը աճել է 7.8%-ով, խմիչքի արտադրությունը՝ 7.9%-ով, իսկ ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը՝ 16.7%-ով։ Հիմնային մետաղների արտադրության ծավալները նվազել են 2.5%-ով, իսկ այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը աճել է 37%-ով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ նվազել է ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը՝ 31.8%-ով։ Մանածագործական արտադրատեսակների արտադրությունը նշված ժամանակահատվածում 35.5%-ով կտրուկ աճ է գրանցել, իսկ հագուստի արտադրությունն աճել է 26.2%-ով։ 

էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը 2019 թվականի հունվար-հունիսին 2018-ի հունվար-հունիսի նկատմամբ նվազել է 0.3%-ով, ընդ որում, այդ ցուցանիշը նվազել է էլեկտրաէներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման 3%-ով նվազման պատճառով։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում ոլորտի արտադրանքը 2019թ-ի հունվար-հունիս ամիսներին կազմել է 12,8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2.7%-ով ավելացել է:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

19:00 05.08.2019

Ամենաշատ ընթերցվածները