ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Փոխնախարար. Եթե գազի էական թանկացում լինի, հետևանքներն անխուսափելի կլինեն վերջնական սպառողի համար
20:00 18.01.2020

Փոխնախարար. Եթե գազի էական թանկացում լինի, հետևանքներն անխուսափելի կլինեն վերջնական սպառողի համար

«Եթե բանակցությունների ավարտից հետո «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հանդես գա գազի սակագինը բարձրացնելու հայտով,  չի բացառվում, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է  քայլեր ձեռնարկել՝ կոմպեսացնելու գազի գնի հնարավոր բարձրացումները»,- «Գազի գնագոյացումը և սակագինը. ինչպե՞ս կավարտվեն ՌԴ-ի հետ բանակցությունները» թեմայով հանրային քննարկման ժամանակ հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նա նշեց, որ այդ մասով այս պահին չի կարող որևէ լրացուցիչ տեղեկություն տալ։

Քննարկման բանախոսներից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն էլ նկատեց, որ գազի գնի բարձրացումը բնականաբար իր ազդեցությունն է ունենալու երկրի տնտեսության վրա՝ կախված թանկացման չափից։

«Ինչպես գիտենք, մեր էլեկտրաէներգիայի 30-35 տոկոսն արտադրվում  է ՋԷԿ-երում, որոնք աշխատում են գազում։ Այսինքն, եթե գազի թանկացում եղավ, ապա կլինի նաև ՋԷԿ-երում արտադրվող հասանքի ինքնարժեքի բարձրացում, սա էլ իր հերթին իր արտացոլանքն է գտնելու վերջնական սպառողին հասնելիս»,-հետևանքներից մեկը նշեց փոխնախարարը։

Նա ընդգծեց, որ ազդեցությունը մեծապես պայմանավորված է գնի բարձրացման չափից, եթե էական թանկացում լինի, ապա հետևանքներն անխուսափելի են լինելու վերջնական սպառողի համար։

«Բացի այդ, կան նաև բազմաթիվ այլ կոմպոնենտներ ու գործոններ, որոնք կարող են ազդեցություն ունենալ հետևանքների վրա»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ սպառողի վրա մեծ բեռ չի ընկնի։

Աղբյուր` Panorama.am

20:00 18.01.2020

Ամենաշատ ընթերցվածները