ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Առցանց առևտրով զբաղվող հայաստանյան ընկերությունները պատրաստ են պատվերների ծավալների մեծացմանը
17:00 24.03.2020

Առցանց առևտրով զբաղվող հայաստանյան ընկերությունները պատրաստ են պատվերների ծավալների մեծացմանը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանում առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արտակարգ դրության պայմաններում առցանց առևտրի աճի դինամիկան, դրա արդյունքում ծագած խնդիրներն ու հնարավոր լուծումները։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են շուրջ մեկ տասնյակ առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ղեկավարներ:

Նրանք, մասնավորապես, նշել են, որ Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում առցանց առևտրի ծավալներն աճել են՝ որոշ դեպքերում մինչև 50 տոկոսով՝ հատկապես պարենամթերքի, միրգ-բանջարեղենի առաքումների դեպքում: Ընկերությունների ներկայացուցիչները նաև վստահեցրել են, որ առկա ռեսուրսներով կարողանում են լիարժեք սպասարկել ստացված պատվերները, որոշ դեպքերում՝ նաև մարզերում:

Ընկերությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են  հարկման ժամանակակից էլեկտրոնային համակարգերի ներդրման և կայքերի լոկալիզացման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտության մասին, ներկայացրել առաջարկներ այդ ուղղություններով:

Քննարկվել են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցության հնարավոր եզրերը․ նշված գործընթացներում ընկերության մարզային ցանցի օգտագործման միջոցով առաքումների իրականացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև առցանց առևտրի աճին համընթաց առաջացող խնդիրներին ու խոչընդոտներին, դեպի  մարզեր ընդլայնման հնարավորություններին՝ առցանց հարթակների տեխնիկական սպասարկման, լոգիստիկ, առաքման ընդլայնման և մի շարք այլ հարցերի:

Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել համախմբելու ուժերը երկրում ստեղծված իրավիճակում հանրությանը՝ առցանց առևտրի միջոցով հնարավորինս հարմարավետ ծառայություններ մատուցելու նպատակով:

Աղբյուր` Panorama.am

17:00 24.03.2020

Ամենաշատ ընթերցվածները