ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Այս տարի 10,000 ֆերմեր կօգտվի 60 մլրդից ավելի գյուղատնտեսական վարկից, որի տոկոսագումարը կվճարի պետությունը. Խաչատրյան
18:00 03.04.2020

Այս տարի 10,000 ֆերմեր կօգտվի 60 մլրդից ավելի գյուղատնտեսական վարկից, որի տոկոսագումարը կվճարի պետությունը. Խաչատրյան

«Այսօր քաղաքացիներին աջակցելու չորս տնտեսական միջոցառումներ են իրականացվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների հակազդման միջոցառումներին։

Նրա խոսքով, այդ միջոցառումներից առաջինի նպատակն արագ եղանակով ֆինանսական միջոցներ հասցնելն է այն կազմակերպություններին, որոնք առևտրային բանկերի համար հանդիսանում են հուսալի գործընկեր։ Նախարարը նշեց, որ այս գործիքի առանձնահատությունն այն է, որ առևտրային բանկերն են որոշում՝ որ կազմակերպություններն են այն հուսալի վարկառուներ, որոնք կարող են օգտվել կառավարության համաֆինանսավորման, վերաֆինանսավորման կամ սուբսիդավորման ծրագրերից։

«Երկրորդ միջոցառումը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին կառավարության տրամադրած աջակցությանը։ Այս ուղղությունը նոր չէ կառավարության համար, նախորդ տարի էլ շատ մեծ ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել գյուղատնտեսությանը։ Այս տարի որոշակի լրացումներ ենք կատարել փաթեթում՝ նպատակ ունենալով հատկապես գարնանը սկսվող գյուղատնտեսական աշխատանքներից առաջ ավելի հասանելի դարձնել այն ֆինանսական միջոցները, որոնք մեր ֆերմերային տնտեսությունները կօգտագործեն»,- ասաց Խաչատրյանը։

Աջակցության երրորդ ուղղությունը փոքր և միջին բիզնեսի համար արագացված ընթացակարգով՝ առանց բանկային և ֆինանսական կազմակերպությունների միջնորդության վարկավորման հնարավորությունն է, եթե այդ կազմակերպությունները 2019-ի ընթացքում դրսևորվել են որպես օրինապահ և պարտաճանաչ հարկ վճարողներ և վարկառուներ։

Չորրորդ գործիքն, ըստ նախարարի, ուղղված է այն կազմակերպություններին, որոնք 2020 թվականի մարտ ամսվա վերջի դրությամբ չեն կրճատել աշխատակիցների քանակը և աշխատավարձի ֆոնդը, որ սովորաբար օգտագործել են իրենց աշխատակիցների աշխատավարձը տալու համար. «Մենք հայտարարեցինք, որ այդ կազմակերպությունների դեպքում յուրաքանչյուր հինգերորդ աշխատակցի մեկ ամսվա միջին  աշխատավարձը վճարում է կառավարությունը»։

Խաչատրյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ չորս ուղղություններն այսօր արդեն իսկ գործում են։

Նա նշեց, որ չեն ասվելու այն կազմակերպությունների և անհատների անունները, ովքեր օգտվել են աջակցության ծրագրերից, այլ խոսվելու է միայն թվերի մասին. «Շատ վաղ է, որ մենք կարողանանք ամփոփ թվերով խոսել։ Այս երկու օրերի ընթացքում մենք արդեն իսկ երրորդ միջոցառման շրջանակներում (ՓՄՁ-ներին աջակցություն), այն ընկերություններից, որոնք 2019-ին ունեցել են 24-500 մլն դրամ իրացման շրջանառություն, ստացել ենք թվով 120-ը գերազանցող դիմումներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 1.4 մլրդ դրամը գերազանցող վարկային պահանջ։ Այդ դիմումները ստանալուց հետո է, որ մենք պարզում ենք՝ արդյոք այդ կազմակերպություններն ունեցել են վարկային և հարկային կարգապահություն։ Եթե ունեցել են, ապա գումարը տրամադրվում է»։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական ոլորտում պետական աջակցությանը, ապա ֆերմերները կարող են դիմել նաև մինչև 1 մլն դրամ վարկի համար։

«2019 թվականին մենք ունեցել ենք ավելի քանը 9000 շահառուներ, որոնք պետական սուբսիդավորմամբ ստացել են ավելի քան 53 մլրդ դրամ վարկային կամ լիզինգային միջոցներ, որոնց հիմնական տոկոսագումարները վճարվել են պետության կողմից։  2020-ին այդ տոկոսագումարներն ամբողջությամբ են վճարվելու պետության կողմից։ Եվ այս տարվա ընթացքում պետության կողմից տրամադրվող գումարը նախորդ տարվա համեմատ 1.5 անգամ ավելի շատ կլինի։ Կարծում ենք, որ այս տարի 10 հազար ֆերմեր կօգտվի 60 մլրդից ավելի գյուղատնտեսական վարկից»,- ներկայացրեց Խաչատրյանը։

Դիտարկմանը, որ արդեն իսկ կազմակերպություններից բողոքներ կան, որ արտակարգ դրության պայմաններում ՊԵԿ-ը և ԴԱՀԿ-ը կալանք են դնում  հաշիվների վրա և բռնագանձումներ անում, Խաչատրյանն արձագանքեց՝ արտակարգ դրությունը հայտարարված է այն պարզ պատճառով, որ քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելով, մենք նախ և առաջ մեր համաքաղաքացիների առողջության մասին ենք մտածում։

«Երևույթն ինքնին ուղիղ կապ չունի այն պարտավորությունների հետ,  որոնք ընկերություններն ունեն պետության առջև։ Հարկային պարտականությունները պետք է իրականացվեն իրենց բնականոն եղանակով։ Համապատասխանաբար, եթե զարգացումները հասել են նրան, որ ՊԵԿ-ը կամ ԴԱՀԿ-ը ստիպված են այդ կազմակերպությունների նկատմամբ միջոցներ ձեռնարկել, որ նրանք կատարեն իրենց պարտավորությունները պետության կամ երրորդ անձանց նկատմամբ, ապա դրանք պետք է կատարվեն։ Մենք գիտենք, որ դժվար ժամանակներ են, և կարիք ունեցող խմբեր կան, որոնց պետությունն աջակցում է։ Բայց այն կազմակերպություններն ու անհատները, որոնք ունեն պարտավորություններ, պետք է դրանք սպասարկեն և իրականացնեն»,- շեշտեց Խաչատրյանը։

Աղբյուրը՝ Panorama.am

18:00 03.04.2020

Ամենաշատ ընթերցվածները