ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Կառավարությունն առանց զեկուցելու ընդունեց Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ-ի ռազմավարությունը
18:00 27.08.2020

Կառավարությունն առանց զեկուցելու ընդունեց Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ-ի ռազմավարությունը

Այսօրվա կառավարության նիստում 43 չզեկուցվող հարցերի թվում գործադիրը հաստատեց Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը։

Ռազմավարության թիրախային միջոցառումներն ուղղված են ՓՄՁ-ների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացմանը, կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ձեռնարկատիրական մշակույթի խթանման նպատակով անհրաժեշտ ինստիտուցիոնալ և իրավական միջավայրի ձևավորմանը։

Ընդունված միջոցառումներով նախատեսված է ձեռներեցական հմտությունների զարգացմանը և ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված դասընթացների իրականացումը, որին կմասնակցեն տարեկան հազարից ավել շահառուներ։ Կենսունակ գաղափարների իրագործման խթանման նպատակով շուրջ 250-300 կազմակերպությունների կտրամադրվեն վարկային երաշխիքներ։

Ներքին և արտաքին շուկաների հասանելիության բարձրացման նպատակով նախատեսվում է աջակցություն տրամադրել կազմակերպությունների՝ միջազգային առևտրի հարթակներում ներկայացվածության, ինչպես նաև Հայաստանում առցանց առևտրի զարգացման համար։ Իրականացվելու են նաև նորարարության և թվայնացման խթանման միջոցառումներ։

Ռազմավարությամբ սահմանված միջոցառումների իրականացման արդյունքում գործադիրը նախատեսվում է նպաստել ՓՄՁ-ների արտադրողականության աճին՝ 2020-2023թթ-ի  արտադրողականությունը բարձրացնելով 3%-ով, իսկ 2024 թվականին՝ 7.5%-ով։ Մասնավորապես կանխատեսվում է, որ ՓՄՁ-ներում մեկ զբաղվածի կողմից ստեղծված ավելացված արժեքը 2024 թվականին կկազմի 12 մլն ՀՀ դրամ։ Փաստաթղթով կանխատեսել են, որ ՓՄՁ-ներում զբաղվածների թիվը կաճի տարեկան միջինում 2.5 %-ով։

Էկոնոմիկային նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ռազմավարությունը մշակվել է դեռևս 2019 թվականին, սակայն վերանայվել և արդիականացվել է համավարակի հետևանքները արտացոլելու և կորոնավիրուսի տարածման պատճառով առաջացած բարդությունների և մարտահրավերների հաղթահարման ուղիներ սահմանելու համար։ 

Ըստ պատասխանատու գերատեսչության, իրականացվող գործողությունների արդյունքում ոչ միայն էապես բարելավվելու է ՓՄՁ-ների արտադրողականությունը և աճելու է զբաղվածների թիվը, այլ նաև փոխանցվող հմտությունների և բարելավված միջավայրի շնորհիվ ձեռներեցությամբ զբաղվելը կարող է դառնալ արտագնա աշխատանքի, կորցրած աշխատատեղերի և եկամուտների վերականգնման այլընտրանք։

Աղբյուր` Panorama.am

 
 
18:00 27.08.2020

Ամենաշատ ընթերցվածները