ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Էռնեկյանն իր ավիաբիզնեսը կփոխանցի զարմիկին
17:15 11.01.2018

Էռնեկյանն իր ավիաբիզնեսը կփոխանցի զարմիկին

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, ով Corporacion America Airports SA ընկերության սեփականատերն է և համարվում է Արգենտինայի ամենահարուստ մարդկանցից մեկը, մտադիր է օդանավակայանների կառավարման բիզնեսը փոխանցել զարմիկին՝ Մարտին Էռնեկյանին: Այս մասին փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Corporación América ընկերությունը զբաղվում է օդանավակայանների տնօրինությամբ, ենթակառուցվածքային, գյուղատնտեսական, էներգետիկ, առևտրային և բանկային գործունեությամբ։

«Ես որոշել եմ վաճառել բաժնետոմսերը՝ IPO անցկացնել: Օդանավակայանների կառավարմամբ կզբաղվի իմ զարմիկը: Ես կհետևեմ գործարքին, որը կայանալու է հունվարի վերջին: Այդպիսով օդանավակայանների կառավարման իմ կարիերան կավարտվի»,- ասել է Էռնեկյանը, հայտնում է Bloomberg-ը:

Ըստ պարբերականի՝ դա զուտ խորհրդանշական քայլ չի լինելու, բաժնետոմսերի վաճառքը կարևորվում է արգենտինահայ գործարարի կյանքում, քանի որ դրանով նա միլիարդանոց բիզնեսը փոխանցում է իր հետնորդին:

Էդուարդո Էռնեկյանը Հայաստանում ամենախոշոր օտարերկրյա ներդնողն է: 2001թ. դեկտեմբերի 17-ից Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը պատկանում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։ 2006թ. Էռնեկյանը ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 95%-ը։

Գործարարը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում: «Տիեռասե դե Արմենիա» ընկերությունը Հայաստանում 2004 թվականի նոյեմբերից 2,300 հա անմշակ հողատարածքում զարգացման 15 տարիների ծրագրով զբաղվում է խաղողագործությամբ, արդեն իսկ հիմնվել է 300 հա խաղողի այգի։

Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը (գրանցված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում) գնել է ՀՀ Կառավարության 2-րդ մասնաշենքը, որտեղ ներկայում տեղակայված է արտաքին գործերի նախարարությունը՝ 51,27 մլն դոլարով: Շենքում նախատեսվում է բացել Kempinski համաշխարհային ճանաչում ունեցող ցանցի հյուրանոց:

2017-ի սեպտեմբերին արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել:

Լուսանկարը՝ ArmeniaSputnik.am-ի

17:15 11.01.2018

Ամենաշատ ընթերցվածները