ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Երևանում կգործեն 18-մետրանոց ավտոբուսներ, կներդրվի էլեկտրոնային համակարգ
15:35 20.01.2018

Երևանում կգործեն 18-մետրանոց ավտոբուսներ, կներդրվի էլեկտրոնային համակարգ

Շարունակելով Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծով առաջարկվող փոփոխությունների շարքը, որի մի մասն արդեն ներկայացրել ենք, տեղեկացնում ենք, որ այդ նախագծի համաձայն` այլևս չեն սպասարկվելու մայրաքաղաքի մոտակա գյուղերը: Այս մասին նոր մանրամասներ է փոխանցում «Հայկական ժամանակ»-ը:

«Առայժմ գործող երթուղային ցանցով Երևանի որոշ երթուղիներ հասնում են մինչև այդպիսի մի քանի բնակավայրեր, օրինակ՝ Ջրվեժ, Հաղթանակ, Նորագյուղ, Առինջ, Քասախ, Արգավանդ, Փարաքար, Զովունի: Մոտ ապագայում, սակայն, երբ նոր ցանցը գործարկվի, պատկան մարմիններն այդ գյուղերում ապրողներին պետք է Երևան հասնելու և Երևանից վերադառնալու այլ տարբերակներ առաջարկեն:

«Երթուղային ցանցը նախագծվել է Երևան քաղաքի վարչական տարածքի համար: Դա ունի իր պատճառները, որոնցից մի քանիսը ուղղակի թվարկեմ. Երևանից դուրս ուղևորահոսքերի ծավալը, ինչպես տեղյակ եք, էապես տարբերվում է, և այդ առումով սակավ ուղևորահոսք ունեցող ուղղություններով երթուղիների շահագործումը կարող է հանգեցնել էական ծախսերի ավելացման և սակագնի վրա ազդեցություն ունենալ: Երևանի վարչական տարածքից դուրս որոշ տեղերում բացակայում է լիարժեք ճանապարհափողոցային ցանցը, որը կապահովեր նոր տրանսպորտային տեսակների շահագործման համար անհրաժեշտ պայմանները: Նաև Երևանի վարչական տարածքից դուրս  երթուղիների պարագայում կառաջանան անարդյունավետ ծախսերի առաջացման ռիսկեր: Այս տրամաբանությունը հաշվի առնելիս հիմք է ընդունվել միջազգային փորձը»,- Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հունվարի 18-ի նիստում ասել է աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

Նա նկատել է, որ դեռևս գործող ցանցով, հասարակական տրանսպորտի աշխատաժամերը, որոշ վերապահումներով, ժամը 07:00-23:00-ն է: Նոր ցանցը նախատեսում է, որ հասարակական տրանսպորտի շահագործումը սկսվի առավոտյան 06:45-ից՝ շարունակվելով մինչև կեսգիշեր՝ 24:00-ն: Նոր ցանցով առաջարկվում է շուրջ 25 տոկոսով ավելացնել կանգառների թիվը՝ 834-ից դարձնելով 1181: Աշխատանքային խումբը, սակայն, դեռ պետք է քննի դրա նպատակահարմարությունը տեղում ուսումնասիրություններ անելու ճանապարհով: Բրիտանական խորհրդատու կազմակերպությունն, ըստ Նիկոյանի, նաև առաջարկել է առկա կանգառներից շատերի տեղափոխություն ինչպես անվտանգության տեսանկյունից, այնպես էլ նորմատիվներին համապատասխանության:

Գործող ցանցով ուղեւորների 94 տոկոսը երթևեկում է առանց տեղփոխի, այսինքն՝ Ա կետից Բ կետ հասնելու համար տրանսպորտ չի փոխում: Երթուղային նոր ցանցի դեպքում խորհրդատուի առաջարկությամբ երթևեկողների 38 տոկոսը կունենա մեկ տեղփոխ: Այսինքն՝ անհրաժեշտ վայր կհասնի երկու տրանսպորտով: Երթեկողների 10 տոկոսի դեպքում տեղփոխը կլինի երկուսը, այսինքն՝ երեք տրասնպորտ: 3 տեղփոխի կամ չորս տրանսպորտ փոխելու անհրաժեշտություն կունենան ուղևորների 3 տոկոսը:

«Բայց կարծում եմ՝ լավ ցուցանիշ է, որ ուղևորների 49 տոկոսը շարունակելու է երթևեկել առանց տեղփոխի»,- աշխատանքային խմբի նիստի ժամանակ նշել է քաղաքապետի տեղակալը և ավելացրել.«Ադյունավետ ցանցը, ինչպես բոլոր զարգացած քաղաքներում, ենթադրում է պարտադիր տեղփոխերի առկայություն: Կարևոր եմ համարում նշել, որ տեղփոխերի նախատեսումը ոչ միայն նոր համակարգի, այլ նաև նոր մշակույթի ներդրման հարց է, որը թույլ է տալու ապահովել նաև արագ և ապահով տեղաշարժ»:

Լուսանկարը՝ TVTropes.org-ի

15:35 20.01.2018

Ամենաշատ ընթերցվածները