ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայաստանից ԱՄՆ որոշ տեսակների ապրանքներ արտահանելը կհեշտանա
18:15 21.03.2018

Հայաստանից ԱՄՆ որոշ տեսակների ապրանքներ արտահանելը կհեշտանա

ԱՄՆ-ն աջակցելով Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ հայ գործարարներին արտոնյալ պայմաններ է տրամադրում ԱՄՆ հայկական արտադրանքի որոշ տեսակներն արտահանելու համար: Ու թեև այդ հնարավորությունից օգտվում են խոշոր գործարարները, մանր ու միջին ձեռնարկատերերին եղած ընթացակարգերը բարդ են թվում: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Խնդրին փորձել են լուծում տալ Վաշինգտոնում անցկացված ԱՄՆ-Հայաստան Առևտրի ու ներդրումների խորհրդի նիստի ընթացքում, պատմում է հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Հովհաննես Ազիզյանը.«Մենք պայմանավորվեցինք քննարկել, թե ինչպես է հնարավոր աջակցել հիմնականում հայկական մանր ու միջին բիզնեսի արտահանողներին և օգնել իրենց այդ գործընթացների փաստաթղթային ապահովումն իրականացնել»:

Հայաստանի համար Միացյալ Նահանգները կարեւորագույն տնտեսական գործընկերներից մեկն է, նշում է Հովհաննես Ազիզյանը: Նրա խոսքով 2017 թվականին հայ-ամերիկյան առևտրային շրջանառությունը զգալի ավելացել է.«2017 թվականին ապրանքների առումով առևտրաշրջանառությունը 200 միլիոն դոլարից ավել է եղել, որը նախկին տարվա համեմատ 70 տոկոսի աճ է»:

Վաշինգտոնում անցած հանդիպումը ցույց տվեց, որ թե՛ Հայաստանում, թե՛ Միացյալ Նահանգներում շահագրգռված են խորացնել տնտեսական գործընկերությունը:

«Խորացումը նշանակում է ոչ միայն առեւտրաշրջանառության կամ ներդրումային որոշակի ակտիվության ապահովում, այլ նաև շատ դեպքերում դիվերսիֆիկացում»,- նշել է փոխնախարարը:

Այսօր Հայաստանից Միացյալ Նահանգներ են արտահանվում ոչ միայն երկրում արտադրված ապրանքներ, այլև ծառայություններ, որոնց թվում հաշվառվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, ծրագրավորման արտադրանքը: Հենց այդ ուղղությամբ հայ-ամերիկյան համագործակցությունն ունի լուրջ ներուժ:

Հայկական կողմը նաև հավաստիացնում է, որ Երևանին Միացյալ Նահանգների հետ տնտեսական համագործակցության զարգացման հարցում որևէ կերպ չի խոչընդոտում Մոսկվայի կողմից ստեղծված Եվրասիական տնտեսական միությունում անդամակցությունը.

«Հանդիսանալով Մաքսային միության անդամ՝ դու ունես որոշակի գործընթացներով սահմանափակումներ, որոնք վերաբերում են, օրինակ, հիմնականում ազատ առևտրի ռեժիմին, մաքսասակագնային գործընթացներին, իսկ ինչ վերաբերում է մյուս աշխատանքի ուղղություններին, ապա դրանց համար դու ունես մաքսիմալ ազատություն»,- ամփոփել է փոխնախարարը: 

Լուսանկարը՝ Armenpress.am-ի

18:15 21.03.2018

Ամենաշատ ընթերցվածները