ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայերին ՌԴ-ում ավելի դժվար են աշխատանքի ընդունում, քան հրեաներին
12:55 12.04.2018

Հայերին ՌԴ-ում ավելի դժվար են աշխատանքի ընդունում, քան հրեաներին

Հետազոտողներ Ալեքսեյ Բեսսուդնովը Մեծ Բրիտանիայի Էքսետերի համալսարանից և Անդրեյ Շչերբակը ՌԴ «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» գիտահետազոտական համալսարանից սոցիալական էքսպերիմենտ են անցկացրել պարզելու համար վերաբերմունքն ազգային փոքրամասնությունների հանդեպ ՌԴ քաղաքների աշխատաշուկայում: Ըստ զեկույցի` հայերին ՌԴ-ում ավելի դժվար են աշխատանքի ընդունում, քան, օրինակ, հրեաներին կամ գերմանացիներին:

Սոցիոլոգներն աշխատանքի որոնման 2 ռուսական կայքում հարյուրավոր ֆիկտիվ ռեզյումեներ են տեղադրել 14 ազգությունների թեկնածուներից և ավելի քան 9.000 թափուր տեղի հայտ ներկայացրել: Ռեզյումեները տարբերվել են միայն անուններով և ազգանուններով:

«Կարելի է գալ եզրակացության, որ Մոսկվայում և Պետերբուրգում գործատուները խտրական վերաբերմունք ունեն հարավային երկրներից և ՌԴ հարավային շրջաններից այլազգիների հանդեպ: Վրացիներին հարցազրույցի են կանչում դեպքերի 26%-ում, հայերին՝ 27%, չեչեններին, ադրբեջանցիներին, տաջիկներին ու ուզբեկներին՝ 28%: Թաթարական ազգանունների դեպքում ցուցանիշը մի փոքր բարձր է՝ 29%»,- ասվում է զեկույցում, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Ըստ զեկույցի՝ տղամարդկանց հանդեպ վերաբերմունքն ավելի խտրական է, քան կանանց դեպքում. հավանաբար դա կապված է Կովկասից և Միջին Ասիայից ՌԴ եկած տղամարդկանց որպես սպառնալիք ընկալելու հետ:

Ամենից լավ Մոսկվայի և Պետերբուրգի գործատուներն արձագանքում են ռուսական ազգանուններով թեկնածուներին՝ դեպքերի 41% նրանք հրավիրվում են հարցազրույցի, ուկրաինացիներին՝ 40%, հրեաներին՝ 39%, գերմանացիներին՝ 37%:

Լուսանկարը՝ Моsсow.Zagranitsa.com-ի

12:55 12.04.2018

Ամենաշատ ընթերցվածները