ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Քաջարանում 17-ամյա տղան իր մոր ներկայությամբ հայհոյելու համար դանակահարել է 16-ամյա դպրոցականին
11:00 10.09.2018

Քաջարանում 17-ամյա տղան իր մոր ներկայությամբ հայհոյելու համար դանակահարել է 16-ամյա դպրոցականին

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Միհրան Պ.-ի գործի դատական քննությունը:

12-րդ դասարանի աշակերտ, 17-ամյա Միհրանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի մայիսի 16-ին, ժամը 15-ի սահմաններում Քաջարանի Բակունցի փողոցի շենքերից մեկի հետնամասում անչափահաս Միհրան Պ.-ն պարզաբանում է կատարել 2002 թվականին ծնված Համլետ Մ.-ի հետ՝ նույն օրվա առավոտյան, ժամը 8-ն անց 30-ի սահմաններում ավտոբուսով դպրոց գնալու ճանապարհին իր մոր ներկայությամբ հայհոյանք տալու հարցով:

Պարզաբանման ժամանակ, ըստ մեղադրանքի, «վրեժի շարժառիթով» Համլետ Մ.-ին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ Միհրան Պ.-ն իր հետ վերցրած դանակով հարվածել է Համլետի կրծքավանդակի ձախ կեսին, հասցրել է վերջինիս ստոծանու, փայծաղի, ենթաստամոքսային գեղձի վնասումով ծակած-կտրած թափանցող վնասվածքներ՝ տուժողի առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ վերքային խողովակն ունի հետևից առաջ, վերևից ներքև ու ձախից աջ ուղղություն:

Առաջադրված մեղադրանքում Միհրան Պ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Դատարանը հետազոտել է անչափահաս ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը:

Միհրան Պ.-ն հայտնել է, որ դեպքի օրը՝ 2018 թվականի մայիսի 16-ի առավոտյան՝ ժամը 8-ն անց 20-ին մոր հետ ավտոբուս է նստել, որ գնա դպրոց: Նստել է ավտոբուսի վերջին նստարանին՝ Համլետ Մ.-ի հետ: Խոսակցության ժամանակ Համլետը հայհոյանք է տվել, ինչի պատճառով ինքը դիտողություն է արել նրան՝ ասելով, որ իր մայրն ու ուսուցիչները ավտոբուսում են:

Դպրոցում Համլետին ասել է, որ այլևս նման վարքագիծ չդրսևորի: Համլետն առաջարկել է նույն օրը, ժամը 15-ի սահմաններում հանդիպել իրենց բակում ու զրուցել:

Նշված ժամին ինքը հանդիպել է Համլետին: Խոսակցության ժամանակ Համլետը ձեռքը վերև է բարձրացրել: Ինքը մտածել է, թե նա ցանկանում է իրեն հարվածել, գրպանից հանել է նախապես վերցրած դանակն ու հարվածել է Համլետին: Դրանից հետո գնացել է տուն, դանակը լվացել է ու կատարվածի մասին հայտնել է ծնողներին:

Տուժող Համլետ Մ.-ն տվել է համանման ցուցմունք՝ նշելով, որ, իրոք, ինքը դեպքի օրվա առավոտյան դպրոց գնալիս ավտոբուսում հայհոյանք է տվել: Միհրանն իրեն դիտողություն է արել՝ մոր ներկայությամբ հայհոյելու համար: Ինքը ներողություն է խնդրել ու լռել է:

Դպրոցում Միհրանը մոտեցել է իրեն ու առաջարկել է հանդիպել: Ինքն ասել է, որ ժամը 15-ին կգնա նրանց շենքի բակ:

Պայմանավորված ժամին իր երկու ընկերների հետ գնացել է Միհրանենց շենքի բակ ու Միհրանի հետ առանձնացել է շենքի հետնամասում:

Խոսելու ընթացքում ինքը ձեռքը տարել է դեպի մազերը: Այդ պահին Միհրանը դանակով հարվածել է իրեն: Ինքը ցավ է զգացել ու վազել է հիվանդանոց:

Դեպքի վայրի զննության ժամանակ Միհրան Պ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք ծալովի դանակը՝ 3 սմ լայնությամբ շեղբով:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալն անչափահաս դպրոցական է, բնութագրվում է դրական, ամբողջությամբ հատուցել է պատճառված վնասը, տուժողը նրա դեմ բողոք, պահանջ չի ներկայացրել, ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու զղջացել է:

Դատարանը Միհրան Պ.-ին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է 3 տարի ազատազրկման և այս պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով 3 տարի փորձաշրջան:

Աղբյուրը՝ 1in.am

11:00 10.09.2018

Ամենաշատ ընթերցվածները