ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բաց նամակ ՀՀ վարչապետին, Սյունիքի մարզպետին
13:00 20.09.2018

Բաց նամակ ՀՀ վարչապետին, Սյունիքի մարզպետին

ՀՀ կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում ուժը կորցրած ճանաչվեց 2018 թ.-ի ապրիլի 12-ի՝ ««Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն լուծարելու մասին» որոշումը: Լուրն այս մեծ ոգևորություն է առաջացրել սիսիանցիների շրջանում և նրանք բաց նամակով իրենց երախտագիտությունն են հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին: Նամակը, որի տակ ստորագրել են 105 սիսիանցիներ, ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Հարգարժան պարոն մարզպետ

Սիսիանցիների մեծամասնության անունից Ձեզ ենք հայտնում մեր երախտագիտությունը, քանի որ Ձեր հետևողական և վճռական աշխատանքի արդյունքում էր, որ կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում ուժը կորցրած ճանաչվեց 2018 թվականի ապրիլի 12-ի՝ ««Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի լուծարելու մասին» որոշումը, որով վերականգնվեց Սիսիանի հիվանդանոցի նախկին կարգավիճակը: Վաղվա լավ օրվա նկատմամբ վերականգնվեց նաև այն մի քանի տասնյակ բուժաշխատողների, բուժանձնակազմի վստահությունը, որ կանգնած էին աշխատանքը կորցնելու և անգործ մնալու վտանգի առաջ:

Նախկինում հապճեպ և քաղաքական ինչ-ինչ նպատականերից բխող հիվանդանոցի լուծարման և «Զանգեզուրի կայազորային հոսպիտալին» միավորման որոշումն ընդունելիս հաշվի չէր առնվել ո´չ հիվանդանոցի կոլեկտիվի, ո´չ ազգաբնակչության կարծիքն ու տեսակետը, ինչը հանգեցրեց նրան, որ բողոքի բազմաթիվ գործողություններ իրականացվեցին, բայց ինչպես ասում են՝ սայլը տեղում անշարժ մնաց, իսկ որոշում կայացնողները ամեն գնով ջանում էին արդարացնել իրեց որոշումը: 

Սիսիանցիների ձայնը լսելի դարձավ և հարցը լուծում ստացավ, երբ Հայաստանում իրավիճակ փոխվեց, երբ երկիրը նոր վարչապետ, իսկ Սյունիքիը նոր մարզպետ ունեցավ ու խնդրով մտահոգ Սիսիան այցելեցին ՀՀ առողջապահության և ՊՆախարարները: Հանդիպումների, քննարկումների և ուսումնասիրությունների արդյունքում էր, որ Սիսիանի հիվանդանոցը չլուծարվեց:

Մեծարգո վարչապետ, Դուք Ձեր այս քայլով ապացուցեցիք, որ Հայաստանում իրոք ժողովրդի իշխանություն է, և ժողովրդի ձայնը լսելի է:

Պաշտոնավարման այս կարճ ժամանակում Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը հաճախ է հանդիպել հիվանդանոցի աշխատակազմի հետ, լսել նրանց մտահոգությունները և դրանք փոխանցել իրավասու մարմիններին: Այստեղ տեղին է նշել, որ ճշմարտությունը հիվանդանում, բայց չի մահանում:

Մեկ անգամ ևս, հայտնելով մեր շնորհակալությունը՝ վստահ ենք, որ այսուհետ ևս Ձեր ուշադրության կենտրոնում կպահեք Սիսիանի հիվանդանոցի զարգացումը, այն դարձնելով տարածաշրջանի բնակչության սպասարկման առաջատար կենտրոններից մեկը: 

Շնորհակալ ենք նաև բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր այս ամիսների ընթացքում հանուն հիվանդանոցի կարգավիճակի պահպանման, ինչ որ քայլեր իրականացրեցին, ջանքեր գործադրեցին»:

Հարգանքներով՝ մի խումբ սիսիանցիներ
 
Աղբյուր՝ zangezur.tv
13:00 20.09.2018

Ամենաշատ ընթերցվածները