ԱՎԵԼԻՆ

Բլոգ

Նարկոբիզնեսի մեքսիկական փեթակն ու դրա դեմ պայքարը
23:55 05.05.2018

Նարկոբիզնեսի մեքսիկական փեթակն ու դրա դեմ պայքարը

Ներածական խոսք

Երբ 2012 թվականին Էնրիկե Պենյա Նիետոն ստանձնեց Մեքսիկայի նախագահի պաշտոնը, իր հետ բերեց մի ցուցակ: Ցուցակն ընդգրկում էր 122 կարտելների պարագլուխների անուններ, որոնց Պենյա Նիետոն ցանկանում էր չեզոքացնել մինչեւ իր պաշտոնավարման ավարտը: Վերջինիս նախագահության ժամկետն արագ տեմպերով մոտենում է իր տրամաբանական ավարտին, ըստ այդմ՝ հուլիսին նախատեսված են նախագահական ընտրություններ, սակայն նա բավական մոտ է գտնվում իր նպատակի իրականացմանը: «Լոս Զետաս» կարտելի (հանցախումբ) պարագլուխ Խոսե Մարիա Գուիզար Վալենսիային մայրաքաղաք Մեխիկոյում փետրվար ամսի կեսերին ձերբակալելուց հետո ցուցակում այժմ մնացել է ընդամենը 14 կարտելի պարագլխի անուն: Ըստ երեւույթին՝ 89%-անոց արդյունավետությունը տպավորիչ է հնչում, սակայն, ըստ Geopolitical Futures ամերիկյան կենտրոնի Վերլուծությունների բաժնի ղեկավար Ջեյքոբ Շապիրոյի, դա պյուռոսյան հաղթանակ է մի երկրի համար, որտեղ բռնությունների մակարդակը 2017 թվականին հասել է ռեկորդային շեմի[1]:

Վերոնշյալը հիշեցնում է Ֆրիդրիխ Նիցշեի նշանավոր խոսքերից հետեւյալը.«Ով կռվում է հրեշի դեմ, պետք է զգույշ լինի, որ ինքն էլ հրեշի չվերածվի: Եվ երբ դու երկար ես նայում անդունդին, այդպես եւ անդունդն է սկսում քեզ նայել»:

Այժմ տեղափոխվենք ոչ վաղ անցյալ: 2006 թվականից ի վեր, երբ Մեքսիկայի ԶՈւ-ն երկրի ներսում ռազմական արշավ սկսեց թմրանյութի առքուվաճառքում մասնագիտացած կարտելների դեմ, երկրի կառավարության սկզբունքային նպատակը թմրանյութով պայմանավորված բռնությունների մակարդակի նվազեցումն էր:

Մեքսիկական կառավարությունը բազմիցս հավաստիացրել է, որ իրենց գլխավոր կիզակետում ոչ այնքան թմրանյութի թրաֆիքինգը կանխարգելելն է, որքան նշանավոր հանցախմբերի ուժը ջլատելը: Առաջին խնդրի լուծման մենաշնորհը, այսպես ասած, փոխանցվում է Միացյալ Նահանգների գործառույթներին: Իր հերթին Միացյալ Նահանգները՝ հանձինս նախագահ Դոնալդ Թրամփի, հանձն է առել խնդրի լուծման բավական ինքնատիպ եղանակ, որի դրսեւորումներից մեկն է Մեքսիկայի հետ մոտավորապես 3,200 կմ-անոց սահմանի երկայնքով 18 մլրդ դոլար արժողությամբ արգելապատնեշի կառուցման մտադրությունը: Մեքսիկա-ամերիկյան սահմանն աշխարհում ամենահաճախ հատվող սահմանն է՝ տարեկան մոտ 350  մլն մարդ:

Մեքսիկայի նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնի իշխանության ավարտին (կառավարել է 2006թ. դեկտեմբերի 1-ից 2012թ. նոյեմբերի 30-ը) թմրանյութի բիզնեսի դեմ Մեքսիկայի վարած պատերազմի արդյունքում պաշտոնապես հաշվվում էր առնվազն 60,000 զոհ: 2013թ. կատարված վերահաշվարկների արդյունքում մահվան շեմը խաղաղ բնակչության շրջանում հասավ իր գրեթե կրկնապատիկին՝ ավելի քան 120,000-ի, որի մեջ չի մտնում 27,000 անհետ կորած անձանց անվանացանկը[2]:

Այստեղ զուգահեռ տեղեկացնենք, որ ըստ Մեքսիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրության 83-րդ հոդվածի՝

  • Նախագահն իր լիազորությունները ստանձնում է դեկտեմբեր ամսի առաջին օրը վեց տարի ժամկետով,
  • այն քաղաքացին, ով նախկինում զբաղեցրել է Նախագահի պաշտոնը համաժողովրդական քվեարկությամբ կամ ad interim սկզբունքով (ժամանակավոր հատուկ նշանակությամբ), պայմանականորեն կամ որպես Նախագահի փոխարինող, չի կարող որևէ դեպքում կամ պատճառով կրկին զբաղեցնել պաշտոնը[3]:

Կարտելներից ամենաազդեցիկը՝ Սինալոա

Սինալոա կարտելը Մեքսիկայում հանցավոր գործունեություն ծավալող ամենահին կարտելն է, որը կառավարում է երկրի զգալի մասը, հատկապես խաղաղօվկիանոսյան ափը:

Սինալոա կարտելի «ձեռքերը տարածվում են» Հոնկ Կոնգից մինչեւ Ավստրալիա, Արգենտինայից մինչեւ Եվրոպա: ԱՄՆ Թմրանյութի դեմ պայքարի վարչության թարմ զեկույցներից մեկի համաձայն՝ Սինալոա կարտելն ու նրա հանցակիցները շարունակում են տիրել ԱՄՆ-ի՝ ապօրինի թմրամիջոցների շուկայի առյուծի բաժնին:

Հարկ է ընդգծել, որ Սինալոա կարտելն ավանդական եղանակով չի գործում. այն հիերարխիկ ոճով կառավարվող կարտել չէ: Ընդունված է համարել, որ այն կառավարվում է հորիզոնական մոդելով՝ հանդիսանալով գործընկեր խմբավորումների կազմակերպություն: Նրանք միասին են զբաղվում թմրանյութի ապօրինի վաճառքով, սակայն սահմանված է աշխատանքի հստակ բաժանում, ըստ որի՝ խմբավորումների մի մասը մասնագիտացած է թմրանյութի արտադրության, մի ուրիշ մասը՝ թրաֆիքինգի, իսկ մեկ այլ մասն էլ՝ մատակարարման գործընթացներում:

Ուշագրավն ու ամենագրավիչն այն փաստն է, որ սովորական տեսակի թմրանյութի յուրաքանչյուր կիլոգրամ «Սինալոա» կարտելը ձեռք է բերում ընդամենը 2,000 դոլարով, ԱՄՆ արտահանելիս գինը բարձրանում է մինչեւ 30,000 դոլար, իսկ վերավաճառողներն այն իրացնում են ընդհուպ մինչեւ 100,000 դոլարով:

Թմրանյութերի դեմ պայքարի վարչության զեկույցում մասնավորապես նշված է.«Սինալոա կարտելը մեծածախ քանակով ԱՄՆ է արտահանում և մատակարարում մետամֆետամին, մարիխուանա, կոկաին և հերոին տեսակի թմրամիջոցներ Ֆենիքս, Լոս Անջելես, Դենվեր, Չիկագո եւ մի շարք այլ քաղաքներում ունեցած մատակարարման առանցքային հենակետերի միջոցով»:

Թմրանյութի ապօրինի վաճառքի մեքսիկական մեթոդներն այսքանով չեն եզրափակվում: Բազմաթիվ օրինակներում Սինալոան ու մեքսիկական այլ կարտելներ գործընկերային կապեր են պահպանում ԱՄՆ-ի փողոցային հանցավոր խմբերի, այդ թվում MS-13-ի հետ, որոնք օգնում են հոգեմետ միջոցներն իրենց հասցեատերերին արագ եւ ուղիղ մատակարարելու գործընթացին: Այս կերպ նաեւ հավելյալ խթան է հաղորդվում մեքսիկական խմբավորումների ազդեցության տարածմանը: Վարչության եզրակացությամբ նման մեթոդով աշխատելը մեքսիկական անդրազգային քրեական խմբավորումներին (Transnational Criminal Organisation) թույլ է տալիս փողոցային մակարդակում կորցնել սեփական հետքը, այսինքն՝ խմբավորումներն ապահովագրվում են ԱՄՆ-ի օրինապահ մարմինների կողմից իրականացվող ուղղակի հետապնդումներից[4]:

Ռուսական դիվանագիտական փոստը՝ թմրանյութի հուսալի խողովակ

Արգենտինայի օրինապահ մարմինները Բուենոս-Այրեսում Ռուսաստանի Դաշնության դեսպանության տարածքում փետրվարի 22-ին հայտնաբերել են կոկայինով լցված 12 ճամպրուկ: Այս մասին հայտնել էր արգենտինյան Todo Noticias թերթը: Ըստ այդ հրատարակչության ունեցած տվյալների՝ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 389 կգ թմրանյութ՝ դասավորված 360 փաթեթներում: Թմրանյութի խոշոր զանգվածի հայտնաբերման մասին հաղորդել է նաեւ Associated Press-ը՝ հղում կատարելով Արգենտինայի պաշտպանության նախարար Պատրիսիա Բուլրիչին: Վերջինս ռուսական դեսպանատանը հայտնաբերված ճամպրուկների լուսանկար էր հրապարակել թվիթերյան իր միկրոբլոգում: Ըստ նրա խոսքերի՝ հատուկ գործողությանն ընդգրկված են եղել նաեւ ռուսական ոստիկանները: Համատեղ հետաքննությունը երկու երկրներում ընթացել է ավելի քան մեկ տարի: Հետաքննությամբ հայտնաբերված թմրանյութը գնահատվում է մոտ 50 մլն եվրո:

 

Todo Noticias թերթը մատնանշում է, որ այդ հետաքննության մեկնարկը տրվել է ընդամենը մեկ զանգով, որը 2016 թվականի դեկտեմբերին կատարել է Արգենտինայում ՌԴ դեսպանը: Վերջինս հաղորդել էր, որ դեսպանատան հարեւանությամբ գործող դպրոցի զբաղեցրած տարածքում թմրանյութ է հայտնաբերվել:

Պարզվում է՝ ճամպրուկները բերել է դեսպանության աշխատակիցներից մեկը 2016թ. հուլիսին, ով նույն տարում լքել է դիվառաքելությունը: Թերթը գրել է նաեւ, որ աշխատակիցը միայնակ չի գործել, այլ Արգենտինայում երկու հոգի, իսկ Ռուսաստանում երեք հոգի օգնել են նրան: Հանցակիցներից ոմանք արդեն ձերբակալված են: Հատկանշական է, որ ձերբակալվածների թվում են Բուենոս-Այրեսի ոստիկանության քննիչներից մեկը եւ «ռուս նախկին չինովնիկ», ով, ըստ Associated Press–ի ունեցած տեղեկությունների, դեսպանության աշխատակից է: Արգենտինական հրատարակչության ունեցած տեղեկությունների համաձայն՝ թմրանյութով ուղեբեռը ծրագրված է եղել դիվանագիտական փոստով Ռուսաստան եւ եվրոպական այլ երկրներ ուղարկել[5]:

Վիեննայի կոնվենցիան դիվանագիտական փոստի մասին

Հիմա եկեք պարզենք, թե ինչու էր որպես մեծաքանակ թմրանյութի փոխադրման միջոց ընտրվել դիվանագիտական փոստը:

«Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիան, որը ՄԱԿ-ի շրջանակներում ստորագրվել է 1961թ. ապրիլի 18-ին, դիվանագիտական փոստի անձեռմխելիությանն անդրադառնում է 27-րդ հոդվածում, որի 3-րդ կետը մասնավորապես հռչակում է.

«Դիվանագիտական փոստը չի կարող ենթարկվել բացահայտման կամ կալանքի»:

Մեքսիկական թմրաբիզնեսի իրանական հետքերը

Իրանական կառավարությունն ու «Հիզբոլլահ»-ը աչքի են ընկնում Լատինական Ամերիկայում եւ Մեքսիկայում զանազան կարտելների հետ կապեր ունենալով: Վենեսուելայի փոխնախագահ Տարեկ Էլ Աիսսամին այս համատեքստում կարեւոր «ցեմենտ» է համարվում Իրանի եւ կարտելների միջեւ կապերի ամրապնդման գործում:

Հատկանշական է, որ Տարեկ Էլ Աիսսամիի հայրը՝ Զայդան Էլ Ամին Էլ Աիսսամին (հայտնի է որպես Կառլոս Զայդան) Սիրիայի հարավում գտնվող Ջաբալ ալ-Դրուզ (թրգմ.՝ դրուզների լեռ) շրջանից փախստական էր: Ըստ The Wallstreet Journal-ի՝ նա Վենեսուելայում հանդիսացել է իրաքյան Բաաս կուսակցության տեղի ներկայացուցչության ղեկավար՝ պահպանելով կապեր Մերձավոր Արեւելքում ձախական քաղաքական շարժումների անդամների հետ[6]:

2011թ. ծագումով Իրանից մի ամերիկացի ձերբակալվում է 1,5 մլն դոլար պարգեւավճարի դիմաց ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ադել Ալ-Ջուբեյրի (Ս. Արաբիայի ներկայիս արտգործնախարարը) դիմաց մահափորձ իրականացնել պատրաստվող եւ մեքսիկական կարտելների հետ առնչություն ունեցող անձնավորության հետ կապ ունենալու կասկածանքով: Հետաքննությամբ պարզվել է նաեւ, որ նրանք հավանաբար երկուսով ծրագրում էին ահաբեկչական տարաբնույթ հարձակումներ իրագործել, այդ թվում՝ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան պայթեցում: Ծագումով Իրանից ամերիկացին, պարզվում է, սերտ կապի մեջ է եղել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Ղոդս) հետ: Նա պատասխանատու է եղել Ղոդսի և կարտելների միջեւ օփիումի ապօրինի առեւտրի ապահովագրման համար:

«Հիզբոլլահ»-ը թմրանյութային կարտելների անդամների համար իրականացնում է ինքնաշեն պայթուցիկ սարքեր եւ ավտոմեքենաներին փակցվող ռումբեր պատրաստելու մարզումներ: Իսկ մենք գիտենք, որ յուրաքանչյուր համագործակցություն փոխշահավետ է լինում: Իր հերթին «Հիզբոլլահ»-ն ԱՄՆ-ում սեփական գործողությունները ֆինանսավորում է կարտելների վերահսկած թմրաճանապարհներն օգտագործելու միջոցով:

ԱՄՆ Պետքարտուղարի նախկին օգնական Ռոջեր Նորիեգան American Enterprise Institute–ի համար գրված իր համահեղինակած «Լատինական Ամերիկայում «Հիզբոլլահ»-ի ուժգնացող սպառնալիքը» հոդվածում, գրված դեռեւս 2011 թվականին, ընդգծում է, որ վերջին տարիներին Իրանն ու իր դաշնակից «Հիզբոլլահ»-ը կատարել են դիվանագիտական եւ տնտեսական խոշոր քայլ առաջ դեպի Արեւմտյան կիսագունդ: Նրանց ընդհանուր նպատակները հեղինակը ստորաբաժանում է 3 մասի՝ ճեղքել միջազգային շրջափակումն ու մուտք ունենալ ռազմավարական նշանակության ռեսուրսների, նվազեցնել ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանում, ԱՄՆ-ի դեմ բացել պայքարի նոր ճակատ[7]:

Եզրակացության փոխարեն

Այնտեղ, որտեղ աշխարհագրական օտարացումը ժամանակին նպաստել է տարաբնույթ ապստամբ խմբավորումների եւ անկախական շարժումների ծագմանը, այսօր օգնում է հասկանալ Մեքսիկայի ողջ տարածքով մեկ, մանավանդ հյուսիսային շրջաններում, որտեղ տարածքների նկատմամբ վերահսկողությունն այնքան է, որքան կենտրոնական իշխանությանը, հանցավոր խմբերի շերտագոյացման աճի տեմպերը: Հասկանալի է նաեւ այն, որ առնվազն մինչեւ ընթացիկ տարվա հուլիս ամիս տեւական սպանությունների ու առեւանգումների մասին լուրեր են հասնելու Մեքսիկայից: Քանի որ երկրի իշխանությունները հանձն են առել «վիշապի գլխատման», այլ ոչ թե հիմքից ոչնչացման պատասխանատու գործ, որն ավաղ հիշեցնում է սիզիփոսյան աշխատանք:

Մի կողմից գնահատելի երեւույթ է, երբ մի երկրի նախագահ ամեն կերպ իրականացնում է նախընտրական քարոզարշավում իր տված խոստումները, սակայն մյուս կողմից էլ դատապարտելի է, երբ երկրում հանուն ավելի ապահով ապագայի բարեփոխումներն ընթանում են ցնցումներով, խիստ խաթարվում է խաղաղ եւ աշխատասեր բնակչության առօրյան:

Որքան էլ հեռու թվա թմրաբիզնեսի այս փեթակը, այնուամենայնիվ, հաճախ ենք լսում, որ Մեղրիի սահմանին բացահայտվել եւ կասեցվել է թմրանյութի հսկա խմբաքանակ: Յուրաքանչյուր այդպիսի բացահայտում հերթական զգոնության կոչ է՝ ուղղված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հայեցակարգին:



[7] https://foreignpolicy.com/2011/10/12/why-is-iran-conspiring-with-mexican-drug-dealers/ (00:37, 27.03.2018)

Վահե Սալահյան,
միջազգայնագետ

25.02-27.03.2018

Լուսանկարը՝ ABCNews.go.uk-ի

23:55 05.05.2018

Ամենաշատ ընթերցվածները