ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Պետբյուջեից սոցաջակցություն հիմնականում ստանում են մարզկենտրոնների բնակիչները
17:00 13.10.2018

Պետբյուջեից սոցաջակցություն հիմնականում ստանում են մարզկենտրոնների բնակիչները

ՀՀ -ում ամեն համայնքապետարան եւ մարզպետարան որոշակի գումար են հատկացնում սոցիալապես անապահով քաղաքացիներին՝ որպես դրամական աջակցություն։ Մարզպետարանները, օրինակ, տարեկան ընդհանուր 23-30 միլիոն են հատկացնում այս նպատակով, իսկ համայնքները՝ համեմատաբար քիչ։

«Ասպարեզ»-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միեւնույն անձը միաժամանակ դրամական աջակցություն է ստանում եւ մարզպետարանից եւ համայնքապետարանից։ Դա հիմնականում նկատվում է Շիրակի եւ Սյունիքի մարզպետարաններում։ Բացի այս, մարզպետարաններից սոցիալական աջակցություն հիմնականում ստանում են մարզկենտրոնների բնակիչները․ մյուս համայնքների բնակիչները կամ տեղեկացված չեն նման օգնությունից, կամ դիմում են եւ մերժում ստանում։

Կոտայքի մարզպետի որոշմամբ 2016 թվականին 754 քաղաքացու հատկացվել է 23 միլիոն 717 հազար դրամ ֆինանսական օժանդակություն։ 754 քաղաքացուց 46-ը եղել են Աբովյանի, իսկ 528-ը՝ Հրազդանի բնակիչներ, մյուս 180 քաղաքացիները եղել են մարզի այլ համայնքներից։
2017 թվականին 800 քաղաքացու հատկացվել է 26 միլիոն ՀՀ դրամ օգնություն։ 800 քաղաքացուց 564-ը ղել են Հրազդանի, իսկ 53-ը՝ Աբովյանի բնակիչներ։ Բնակիչներին հատկացված նվազագույն գումարը եղել է 10 հազար, իսկ առավելագույնը՝ 500 հազար դրամ։

2016 թվականին Արմավիրի մարզպետի որոշմամբ 560 քաղաքացու հատկացվել է 23 մլն 485 հազար դրամ օգնություն։ 560 քաղաքացուց 44-ը եղել են Էջմիածնի, մոտ 480-ը՝ Արմավիրի բնակիչներ։

2017 թվականին մարզպետի որոշմամբ 677 քաղաքացու ընդհանուր հատկացվել է 26 մլն 953 հազար դրամ օգնություն․ նվազագույնը՝ 20 հազար, առավելագույնը՝ 50 հազար դրամ։ Նշված 677 քաղաքացուց 40-ը եղել են Էջմիածնի, իսկ 520-ը՝ Արմավիրի բնակիչներ։

2016 թվականին Շիրակի մարզպետի որոշմամբ 30 մլն ՀՀ դրամ էր հատկացվել մարզի 993 բնակչի` որպես դրամական աջակցություն: Նրանցից 890-ը եղել էին Գյումրու բնակիչներ:
2017 թվականին Շիրակի մարզպետի որոշմամբ 30 մլն ՀՀ դրամ է հատկացվել մարզի 1018 բնակչի` որպես դրամական աջակցություն: 1018 բնակիչներից 688-ը եղել են Գյումրու բնակիչներ։ Նվազագույն գումարը եղել է 10 հազար, իսկ առավելագույնը՝ 60 հազար ՀՀ դրամ:

2016 թվականի ընթացքում Սյունիքի մարզպետի որոշմամբ 895 քաղաքացու պետական բյուջեից 28 մլն 730 հազար ՀՀ դրամ աջակցություն է հատկացվել։ Նշված քաղաքացիներից 489-ը եղել են Կապանից։ Նվազագույնը հատկացվել է 20 հազար, առավելագույնը՝ 100 հազար ՀՀ դրամ։
2017 թվականին Սյունիքի մարզպետի որոշմամբ պետական բյուջեից գումար է ստացել մարզի 789 քաղաքացի, նրանց ընդհանուր հատկացվել է 30 մլն ՀՀ դրամ։ Նվազագույն գումար հատկացվել է 20 հազար, առավելագույնը՝ 100 հազար ՀՀ դրամ։ 2017 թվականի ցուցակներում, սակայն, գումար ստացած քաաղքացիների բնակության հասցեների փոխարեն անձնագրային տվայլներ են հրապարակված, որով հնարավոր չէ պարզել, թե նրանք Կապանի, թե այլ համայնքների բնակիչներ են։

Լոռու մարզպետի որոշմամբ 2016 թվականին 27 միլիոն դրամ է հատկացվել որպես ֆինանսական աջակցություն քաղաքացիներին, իսկ 2017-ին՝ 30 միլիոն դրամ։
Լոռու մարզպետը, սակայն ոչ հրապարակել եւ ոչ էլ տրամադրել է գումար ստացած քաղաքացիների ցուցկաները, նշելով․ «Տեղեկատվության ազատության մասին»  ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա խախտում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը:

Հետեւաբար, պարզ չէ, թե քանի հոգի է գումար ստացել, միաժամանակ, ովքեր են եղել, ադյոք քանիսն են եղել Վանաձոր համայնքից։

Անի Մկրտչյան

Աղբյուր՝ asparez.am

17:00 13.10.2018

Ամենաշատ ընթերցվածները