ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ա․Լինդգրեն․ «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին»
15:00 09.12.2018

Ա․Լինդգրեն․ «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին»

Որոշ ժամանակ անկողնում գամված դուստրը՝ Կարինը, խնդրում է մորը հեքիաթ պատմել։ Մայրը՝ Աստրիդ Լինդգրենը, սկսում է հորինել, և այդպես ծնվում է առաջին գրվածքը՝ «Երկարագուլպա Պեպին»։ Մի անգամ էլ դուստրը պատմում է, որ երբ հիվանդ էր, պատուհանից տեսնում էր ինչ-որ թռչող մարդուկի։ Մտահղացումը արդեն կար։ Որոշակի փոփոխություններով շուտով լույս է տեսնում Մանչուկի ու Կառլսոնի մասին պատմող առաջին վիպակը և արագորեն տարածվում աշխարհում։ Շվեդ մանկագիրը գրում է ևս երկուսը։ Նրա գրվածքները մինչ օրս հետաքրքրությամբ կարդում են ոչ միայն մանուկները։

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ապրում է Սվանտեսոն ազգանունով մի սովորական ընտանիք։ Հայրը, մայրը, եղբայրը, քույրն ու տան ամենակրտսերը՝ Մանչուկը, ապրում են սովորական կյանքով։ Աշխատում են, սովորում, հանգստանում։ Այդ սովորական կյանքը, սակայն, շուտով տակնուվրա է անում մի ոչ սովորական էակ՝ Կառլսոնը, որն ապրում է տանիքում։ Փոքրիկ ու հաստլիկ մարդուկ է, որ կարողանում է թռչել։ Սեղմում է փորի վրայի կոճակը, և թիկունքում իսկույն սկսում է պտտվել շարժիչը։ Բայց միայն դրանով չէ, որ գրավում է Մանչուկին։

Առաջին իսկ հանդիպումը ուղեկցվում է ոչ սովորական բառերով․ «Փոքրիկ, խելացի և չափավոր գեր տղամարդ՝ ուժերի ծաղկման շրջանում»։ Առաջին դասարանցի Մանչուկին, բնականաբար, հետաքրքրում է, թե երբ է լինում ուժերի ծաղկումը․ «Ամեն տարիքում, - պատասխանեց Կառլսոնը գոհունակ ժպիտով։ - Ամեն տարիքում, երբ խոսքը վերաբերում է ինձ»։ Մանչուկը թանկ է գնահատում Կառլսոնի հետ ընկերությունը, հոժարակամ դառնում նրա մայրիկը և դատարկում իր դրամապանակը։ Այդ պահին նա նույնիսկ հրաժարվում է շուն պահելու մտադրությունից, քանի որ հասկանում է․ «Նա, ով որոշել է դառնալ Կառլսոնի մայրիկը, չի կարող շուն պահելու շռայլություն թույլ տալ իրեն»։

Կառլսոնը շատակեր է․ խժռում է կոնֆետներ, բուլկիներ, սերուցքով կարկանդակներ։ Գլուխգովան է․ ամենալավ մասնագետն է գումարումից, ամենալավ նկարիչն է, ամենալավ ուրվականը․․․ Կարող է նաև ծուլությունը բռնել։ Տանիքում՝ իր տնակում, ուրվականի համար զգեստ կարող Մանչուկին չի ուզում օգնել և դա բացատրում է ներշնչանքի այցելությամբ․ «Հարկավոր է ամեն ինչ դեն նետել, երբ քեզ ներշնչանքն է այցի եկել, հասկանու՞մ ես, իսկ իմը հիմա եկել է։ «Լա, լա, լա»․ երգում է իմ մեջ ինչ-որ բան, և ես գիտեմ, որ դա ներշնչանքն է»։

Այսքան ոչ դրական հատկանիշներ ունեցող Կառլսոնը, սակայն, անչափ վճռական է գործում գողերին հալածելիս՝ մինչ այդ հասցնելով իր գիտելիքներով «լուսավորել» պարզամիտ Մանչուկին․ «Ոչ մի կոպեկ չարժե այն ուրվականը, որը չի կարող ինչպես պետքն է հառաչել և ոռնալ, - բացատրեց նա։ - Դա առաջին բանն է, որ ուրվականների դպրոցում սովորեցնում են նոր ուրվականին»։ Այնպիսի սարսափելի ձայնով է ճչում, հառաչում ու պտտվում գողերի՝ Ռուլլեի ու Ֆիլլեի շուրջը, որ նրանք, վախից իրենց կորցրած, դուրս են թռչում նախասենյակ, այնտեղից էլ՝ սանդուղքները և չքվում։

Թերևս չարաճճիություններն են պատճառը, որ Կառլսոնին փոքր-ինչ դժկամությամբ են ընդունում հայրիկն ու մայրիկը, իսկ ամեն գնով հեռուստատեսությամբ ելույթ ունենալ ցանկացող օրիորդ Բոկը և ինքնագոհ քեռի Յուլիուսը պարզապես տանել չէին կարողանում։ Բայց հետո ամեն ինչ տեղն է ընկնում։ Երբ Կառլսոնը փոքր-ինչ երկար է բացակայում, Մանչուկին ամեն ինչ թվում է դատարկ ու տաղտկալի։ Նրան ոչ միայն չարաճճիություններն են գրավում, այլև խոսքերը․ «Կարելի է հիանալիորեն նճավել մարդկանց՝ հափշտակելով նրանց բոլոր բուլկիները, - մի անգամ հայտարարել էր Կառլսոնը։ Ըստ էության՝ նա գիտեր, որ պետք է ասել «նվաճել», բայց «նճավելը», հավատացնում էր նա, ավելի տպավորիչ է հնչում»։

Մանչուկը տագնապում է ընկերոջ համար։ Այդ տագնապը ավելի է ահագնանում, երբ թերթերից մեկը տասը հազար կրոն է խոստանում բոլոր նրանց, ովքեր կորսան «լրտես-արբանյակին»՝ Կառլսոնին։ Մինչ Մանչուկը փորձում է զգուշացնել ու ամեն կերպ թաքցնել ընկերոջը, Կառլսոնն ինքն է ներկայանում խմբագրություն, ստանում պարգևի մի մասը՝ խոստանալով մնացածի համար վերադառնալ։

Կառլսոնը նաև յուրօրինակ փոխհատուցում է տաղտկալի օրերի համար։ Մանչուկը ժամանակ առ ժամանակ քաշում է պարանը երեք անգամ, որ նշանակում է․ «Ի՜նչ երջանկություն է, որ աշխարհում կա այնպիսի գեղեցիկ, խելոք, չափավոր գեր ու խիզախ մարդ, ինչպիսին դու ես, աշխարհի ամենալավ Կառլսոն»։

Կառլսոնը կարող է անսպասելի հայտնվել և նույնքան անսպասելի թռչելով հեռանալ։ Իսկ ինչու՞ է հեղինակը որոշել, որ Կառլսոնը պետք է անպայման թռչել կարողանա։ Պատճառը շատ պարզ է։ Թռչող այդ մարդուկը չի կարող օժտված չլինել անսպառ երևակայությամբ։ Հարուստ երևակայությունը նրան դարձնում է աշխարհի իսկապես ամենալավ խաղընկերը։ Ցանկացած երեխայի համար խաղն անչափ կարևոր է։ Կառլսոնը դա լավ գիտի։ Երբ ինչ-որ բան նրան դուր չի գալիս, անմիջապես վրա է բերում․ «Ես այդպես չեմ խաղում»։

Մանչուկը մեծանում է, արդեն սովորում է երրորդ դասարանում։ Մեծանում են նաև մյուս երեխաները։ Միայն Կառլսոնն է մնում նույնը։ Նա միշտ էլ կարող է մի օր պատուհանից ներս մտնել ու ասել․ «Այդ ես եմ՝ աշխարհի ամենալավ Կառլսոնը»։

Արթուր Իսրայելյան

15:00 09.12.2018

Ամենաշատ ընթերցվածները